Հայաստանն այսօր Ռուսաստանի հետ առճակատման մեջ է։ Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը խոստովանում է, որ Մոսկվային առանձնապես հասկանալի եւ ընկալելի չէր Արշակ Կարապետյանի հեռացումը պաշտպանության նախարարի պաշտոնից։
«Մենք հիմա չենք հասկանում Փաշինյանի որոշման պատճառը. միգուցե ռազմական հեղաշրջումի՞ց էր վախենում, միգուցե չէ՞ր վստահում զինվորականներին։ Վարկածները շատ են Մոսկվայում։ Մեր փորձագետները տագնապով են հետեւում իրադարձությունների զարգացմանը»,- ասում է Ստանիսլավ Տարասովը։
Հաջորդիվ նա ավելի անկեղծ է, չի կարծում, թե այս իրավիճակում Ռուսաստանը Հայաստանին կօգնի։ «Դուք ձեր խնդիրները չեք կարողանում լուծել, Ռուսաստանից ի՞նչ եք ուզում, ինչքա՞ն կարելի է։ Ռուսաստանին դարձրել եք գնդակ, ինչքա՞ն կարելի է խաղալ, սեփական որոշումներ կայացնելու ժամանակն է»,- արձանագրում է ռուս քաղաքագետը։
Ըստ էության ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում։ Եթե անգամ ոչ մի առճակատում էլ չկա, Ռուսաստանը չի ուզում խնդիրներ առաջացնել Ադրբեջանի հետ։ Սակայն փաստն այն է, որ Հայաստանն իսկապես օգնության կարիք ունի։ Ադրբեջանը գրավում է մարտական դիրքեր, եւ ռուսները մատը մատին չեն խփում գոնե 1997-ի ռուս-հայկական ռազմական փոխօգնության համաձայնագրի շրջանակում։ Ասել, որ ռուսներին Հայաստանը պետք չէ, խելքին մոտ չէ։ Ուրեմն ռուսները խնդիր ունեն հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Եթե ուղիղ խոսենք, Փաշինյանին ինչ-որ բաներ հասկացնելու լեզուն այսօր ադրբեջանական զենքն է։ Փաշինյանը պետք է որոշի՝ կա՛մ առանց օգնության կարողանում է սեփական բանակով պաշտպանել Հայաստանի սահմանները, կա՛մ գնում է զիջումների։
Ամենայն հավանականությամբ Փաշինյանը հիմա այդ երկընտրանքից լուծումներ գտնելու ճանապարհին է։ Որքան էլ ինքը ճիշտ լինի ռուսներին ներկայացրած իր փաստարկներով, որքան էլ նրա փաստարկները հայանպաստ լինեն, հարցն այն է՝ այդ փաստարկներից հետո Հայաստան կմնա՞, թե՞ ոչ։
Եթե Փաշինյանը դիմադրում է ռուսներին, ինչո՞ւ է Պուտինի հետ զրույցից հետո կանգնեցվում պատերազմը։ Ո՞րն է ռուսներին դիմակայելու մեր ռեսուրսը, որքա՞ն է այն։ Արդյո՞ք սա արժանապատվության կռիվ է ռուսների հետ։ Թող այդպես լինի, բայց այդ կռվի սահմանը որտե՞ղ է։
Եթե միջազգային ոչ մի ատյան այս պատերազմին չի անդրադառնում ձեռքը սեղանին խփելու տրամաբանությամբ, եթե անգամ ընդունենք, որ Ադրբեջանը մաքուր ինքնագործունեության է անցել սահմանային այս կռիվներով, ու ռուսներն այստեղ կապ չունեն, ինչպե՞ս ենք մեր արժանապատվությունը համատեղում տարածաշրջանային ավելի լուրջ խնդիրներ իր առջեւ դրած երկրի «քմահաճույքների» հետ։
Ռուսաստանի չեզոքությունն այս պատերազմում հակահայկական է բառացիորեն, թեպետ նրանց ամբողջ թեման Հայաստանը չէ, այլ Փաշինյանը։ Իսկ Փաշինյանն այս մասին հպարտ քաղաքացուն ուղղակի չի ասի։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: