ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է զսպվածություն ցուցաբերել, նոր միջադեպեր թույլ չտալ ու բոլոր վեճերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս աջակցելու կողմերին՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության:
Զախարովան նշել է, որ Երեւանի ու Բաքվի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունից երեւում է՝ կողմերը տրամագծորեն հակառակ են գնահատում իրավիճակը եւ միմյանց են մեղադրում կատարվածի համար:
Միջնորդական ջանքերով մարտերը դադարել են
«Ռուսաստանը շփման մեջ է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ՝ իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու համար»,- ասել է Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոսել է հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ: Այդ միջնորդական ջանքերով մարտերը երեկ երեկոյից դադարել են։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, որ ընթացիկ իրադարձությունները եւս մեկ անգամ հաստատել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը:
Ռուսաստանը լուրջ է վերաբերվում իր պարտավորություններին
Մեկնաբանելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 1997 թվականի երկկողմ համաձայնագիրն ու ՀԱՊԿ մեխանիզմները՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը լուրջ է վերաբերվում իր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ։
«Երկկողմ ուղղությամբ համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, մեր տեղեկություններով, այնտեղ ուշադիր հետեւում են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,- ասել է Զախարովան։