«Եթե դուք վատ տրամադրություն ունեք, գնացե՛ք զբոսնելու։
Եթե նորից վատ տրամադրություն ունեք, գնացե՛ք մեկ այլ զբոսանքի»։
Հիպոկրատ
Մենք բոլորս քայլում ենք եւ անգամ չենք մտածում, թե այդ ի՜նչ մեծ պարգեւ է տրված մեզ։ Երեխաները սկսում են քայլել մոտ մեկ տարեկանում։ Ու երբ նայում ենք, թե ինչպես են նրանք քայլել սովորում, տեսնում ենք, որ դա իսկական հրաշք է։ Կարծես հրեշտակներ են մասնակցում նրանց քայլել սովորելու գործին։ Թվում է՝ ուշադիր նայելու դեպքում նրանց հետեւում կտեսնենք հրեշտակի թեւերի փայլը։
Ի՞նչ է քայլելը, ի՞նչ գաղտնի գանձեր կան այդ թվացյալ պարզ շարժման մեջ: Ինչո՞ւ են շատ գիտնականներ, փիլիսոփաներ եւ ստեղծագործողներ ոգեշնչում գտել քայլելիս։
Օրինակ՝ Չարլզ Դարվինը ամեն օր դուրս էր գալիս զբոսանքի։ Ըստ եղբոր հուշերի՝ զբոսանքից հետո Դարվինը նման էր մարմնավորված էներգիայի, կարծես ինչ-որ անհայտ աղբյուրից թարմ ուժեր ներխուժած ու ողողած լինեին նրա մարմինը:
Ամեն օր՝ երեկոյան ճիշտ ժամը հինգին, դուրս էր գալիս զբոսանքի նաեւ փիլիսոփա Իմանուել Կանտը. այնքան ճշգրիտ, որ հարեւաններն իրենց ժամացույցները ճշտում էին ըստ նրա՝ տնից դուրս գալու: Հետկեսօրյա զբոսանքները պարտադիր էին կոմպոզիտոր Լյուդվիգ Վան Բեթհովենի, փիլիսոփա Սյորեն Կիերկեգորի, բանաստեղծ Ուիլյամ Յեյթսի, Զիգմունդ Ֆրոյդի, Ֆրանց Կաֆկայի եւ շատ ու շատ ստեղծագործողների համար: Քայլելու, զբոսնելու, շրջագայելու մեծ սիրահար էր փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն: «Բոլոր իրոք մեծ մտքերը ծնվում են քայլելիս»,- մի առիթով ասել է նա։
Նկատենք, որ ոգեշնչում գտնելու, բարձր հոգեւոր արժեքներին հաղորդ լինելու հարցում քայլելու, զբոսնելու կարեւորությունը հայտնի էր դեռ անտիկ ժամանակներում: Սրա լավագույն արտահայտությունը Պլատոնի հիմնադրած ակադեմիան է մ. թ. ա. չորրորդ դարում Աթենքի արվարձանում գտնվող պարտեզում: Զբոսնելը եւ զբոսնելով զրույցներ վարելը սովորելու եւ սովորեցնելու կարեւոր ձեւերից էին ակադեմիայում:
Հայտնի է, որ առանձնապես շատ էր քայլում Արիստոտելը: Այդ պատճառով էլ նրան անվանում էին Պերիպատետիկոս, որ թարգմանաբար նշանակում է ճեմող, քայլող: Նրա հիմնած դպրոցն էլ պերիպատետիկյան էր կոչվում, քանի որ նա ուսուցանում էր քայլելով: Հետագայում պերիպատետիկներ անվանվեցին նաեւ Արիստոտելի հետեւորդները:
Իսկ մեր բազմաթիվ հոգեւոր դպրոցներն ու ուսումնագիտական կենտրոնները կոչվել են ճեմարաններ։ Ճեմարան են անվանվել նաեւ Գրիգոր Մագիստրոսի «Արտաքին ու ներքին գիտություններ ուսուցանող դպրոցները»։
Փաստենք՝ դեռևս վաղ ժամանակներից քայլելը նպաստել է սովորելուն, սովորեցնելուն, հոգեւոր ոգեշնչում գտնելուն։ Համոզված եմ, որ այն կարող է նպաստել նաեւ ներկայիս ուսումնական գործընթացների դժվարությունները հաղթահարելուն։ Քայլելով զրուցելիս փոխադարձ վստահության դաշտ է ստեղծվում, որն էլ նպաստում է ուսուցչի եւ աշակերտի փոխըմբռնմանը։
Քայլելը, զբոսնելը կարող են մեր հարցերի պատասխանները գտնելու լավագույն սկիզբը լինել, օրինակ՝ եթե հայտնվել ենք անորոշության մեջ կամ վիճել ենք ընկերոջ հետ եւ չենք գտնում հաշտության ճանապարհը…
Դո՛ւրս եկեք զբոսնելու եւ այդ ընթացքում ջանացե՛ ք մտածել ձեզ հուզող թեմայի շուրջ։ Ինքներդ ձեզ տվե՛ք ձեզ հուզող հարցերը եւ փորձե՛ք պատասխաններ ստանալ։ Այս ընթացքում հնարավոր է, որ ձեր միտքը պարբերաբար շեղվի, փախչի դեսուդեն, բայց դուք գիտակցված հե՛տ բերեք այն ու շարունակե՛ք մտածել ձեր ձեւակերպած հարցերի շուրջ։
Քայլելիս մենք դուրս ենք գալիս այն իրավիճակից, որում ծնվել է խնդիրը։
Քայլելով հանդիպում ենք այլեւայլ տեսարանների եւ պատկերների, ստեղծվում են նոր ասոցիացիաներ, որոնք մեզ նոր մտքեր են հուշում։ Ու եթե մեր ուշքն ու միտքը մեր խնդիրն է, դրանք մեզ հենց մեր խնդրի լուծմանն առնչվող գաղափարներ կհուշեն:
Քայլելով մենք փոխվում ենք ֆիզիկապես։ Գործի են դրվում բազմաթիվ մկաններ։ Իսկ ֆիզիկապես փոխվելն անմիջականորեն ազդում է մեր հոգեվիճակի վրա։ Եվ, գիտակցում ենք, թե ոչ, քայլելով հայտնվում ենք հոգեկան այլ վիճակում, հետեւաբար նոր տեսանկյունից ենք տեսնում մեր խնդիրը։
Հատկապես օգտակար կարող է լինել պարբերաբար սարերում կամ անտառներում քայլելը։ Բարեբախտաբար զգալիորեն շատացել է այն մարդկանց թիվը, որոնք հանգստյան օրերին սիրում են լինել բնության մեջ, սար են բարձրանում, այցելում են հնավայրեր կամ պարզապես մասնակցում քայլարշավների։
Բնության հետ ներդաշնակությունը նաեւ հոգեւոր էներգիայով օժտելու, վեհացնելու մոգական ուժ ունի։ Բնության գրկում մարդը շատ ավելին է ստանում, քան փնտրում է։ Իզուր չէ, որ հոգեւոր հաստատությունները շատ դեպքերում կառուցվել են հենց լեռների բարձունքներում։
Մեր այս անդադար, ամենօրյա վազքի պայմաններում անտառում զբոսնելը, սար բարձրանալը դադար առնելու յուրօրինակ կերպ է։ Մենք ընդհատում ենք հարահոսը, մեր ամենօրյա վազքի մեջ մի պահ կանգ ենք առնում ու ինքներս մեզ ասում․ «Դու սարեր ունես բարձրանալու»։
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։