Անկարայի արտաքին քաղաքական քայլերը պայմանավորված են ոչ թե մաքսիմալիստական ձգտումներով, այլ իր անվտանգությունը, շահերը պաշտպանելու աշխարհաքաղաքական անհրաժեշտությամբ,-գրում է թուրքական Daily Sabah պարբերականի հեղինակ Բուրհանեթին Դուրանը:
Նրանք, ովքեր Էրդողանին մեղադրում են նեոօսմանիզմի, պանթուրքիզմի կամ իսլամիզմի քաղաքականության համար, իրականում մտահոգված են սեփական շահերով։ Հունաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Ֆրանսիան, Իսրայելը եւ մյուսները ցանկանում են, որ Թուրքիան լինի «կատարյալ դաշնակից», այսինքն՝ հլու-հնազանդ։ Նրանք սա անում են ԱՄՆ-ի եւ Եվրամիության քննադատությունների տրամադրություններով:
ՆԱՏՕ-ի վերջին հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հորդորեց Անկարային իրեն դաշնակցի պես պահել: Այսինքն՝ նրանք փոխզիջում գտնելու փոխարեն ցանկանում են միակողմանի դաշինք պարտադրել Թուրքիային: Այսպիսով նրանք փորձում են ազդել Ջո Բայդենի վարչակազմի վրա եւ Թուրքիային սխալ կերպով ներկայացնել որպես խնդրահարույց դաշնակից:
Վաշինգտոնը, որը ձգտում է վերականգնել Ամերիկայի գլոբալ առաջնորդի դերը, հաշվի կառնի Թուրքիայի ակտիվ ներկայությունը շատ տարածաշրջաններում, երբ վերագնահատի իր ռազմավարությունը: Արեւմտյան դաշինքը պետք է նույնականացնի իր ընդհանուր շահերը Թուրքիայի հետ եւ բացի նոր էջ:
Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին Թուրքիային հաջողվեց ակտիվ դեր խաղալ համաշխարհային քաղաքականության մեջ, երբ խաղի կանոններն էին քաոսը, միակողմանիությունն ու սեփական շահեր փնտրելը: Եթե Բայդենի վարչակազմը սկսում է բազմակողմանիության, արժեքների եւ դաշինքների դարաշրջան, ապա Անկարան ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է նոր հանգամանքներում ակտիվ դեր խաղալու համար: