ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ իրանական խոշոր ընկերությունների խումբը պատրաստվում է խոշոր ներդրում անելու «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։ Ներդրումային առաջարկը, ըստ ամենայնի, կառավարությունը կքննարկի արդեն հաջորդ նիստում։
«Մեղրի» ազատ տնտեսական գոտին ստեղծվել է 2017-ի օգոստոսին՝ ՀՀ Կառավարության որոշմամբ։ Նույն տարվա դեկտեմբերի 15-ին ՀՀ Կառավարությունը` ի դեմս ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, եւ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն կնքեցին պայմանագիր ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին, գործունեության ժամկետը` 50 տարի:
«Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը սահմանված է որպես արտադրաարդյունաբերական եւ լոգիստիկ՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, առեւտրի, փոխադրումների եւ պահեստային տնտեսության, մասնագիտական եւ տեխնիկական գործունեության, մշակույթի, զբոսաշրջության, զվարճությունների եւ հանգստի ոլորտներում:
ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019-ի հոկտեմբերի 27-ին։ Համաձայնագիրը ներառում է սահմանափակ ապրանքներ, սակայն դրանց մեջ մտնում են գյուղատնտեսական եւ արդյունաբերական խմբի հիմնական ապրանքների գրեթե բոլոր տեսակները (ԵԱՏՄ երկրներից ընդհանուր արտահանման շուրջ 55%–ը)։ ԵԱՏՄ–ն 2022-ից նախատեսում է Իրանի հետ ժամանակավոր պայմանագիրը վերաձեւակերպել անժամկետի։