Թուրքիան այսօր գտնվում է քեմալական ազգայնականության, իսլամիզմի և նեոօսմանյան նկրտումների ցնորական համադրության իրավիճակում,-գրում է Հունաստանի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Ալեքսանդրոս Դիակոպուլոսը։
Խոսքի եւ լրատվության ազատությունը, ինչպես նաեւ քաղաքացիական իրավունքները փաստորեն վերացվում են: Քաղաքական կուսակցությունները ներգրավված են միանձնյա ազգայնամոլի խաղի մեջ, եւ յուրաքանչյուր ընդդիմացող համարվում է դավաճան:
Արտաքին գործերի նախարարության սովորական ընթացակարգերը, տեսակետներն ու դիրքորոշումները մի կողմ են դրվել։ Համաձայնությունն ընկալվում է որպես թուլության, հպատակության և վախկոտության նշան: Լիբիայում, Ադրբեջանում, Սիրիայում եւ Քրդական ժողովրդական կուսակցության (PKK) դեմ պատերազմում Թուրքիայի վերջին հաջողություններն առաջացնում են ազգայնական տրամադրություններ։ Անվտանգության եւ արտաքին քաղաքականության շատ հարցեր կարգավորվում են ոչ թե Ռեջեփ Թայիփ Էրդողանի, այլեւ ակնհայտորեն Գորշ գայլերի Դեվլեթ Բահչելիի կողմից:
Ի վերջո, Թուրքիայի աղաղակող խախտումները և աճող ազդեցությունը ոչ միայն տագնապալի են համարվում տարածաշրջանի երկրների համար, այլ նաև խոշոր խաղացողների՝ Միջերկրական ծովում ռազմավարական շահեր ունեցող ԱՄՆ-ի և Ֆրանսիայի:
Մենք պետք է ամրապնդենք մեր դաշինքները և մեր շահերը կապենք Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի շահերի հետ: Մենք պետք է հմտորեն գործենք ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում: Վերջապես, պետք է հավասարակշռություն ցուցաբերենք եւ չսրենք պոտենցիալ պայթյունավտանգ իրավիճակները: Ամենակարևորը, սակայն, մենք պետք է ամրապնդենք մեր ծովային ներկայությունը: