ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի (ԳԽ) անդամ 2021-2025 թվականների ժամանակահատվածի համար։ Ընտրությունը եղել է նոյեմբերի 17-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանում:
«Արեւելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին Գործադիր խորհրդի ընտրություններում հատկացված երեք թափուր տեղի համար ներկայացված էր չորս երկրի՝ Հայաստանի, Լիտվայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի թեկնածությունները: Փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանը, ստանալով առավելագույն 146 ձայն, առաջին տեղով ընտրվել է Գործադիր խորհրդի կազմում»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի բացման նիստում նոյեմբերի 9-ին Արեւելաեվրոպական տարածաշրջանային խմբից համաժողովի փոխնախագահ է ընտրվել Հայաստանը։ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցում է 1992-ից։