ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի վեց զինծառայողի ՀՀ ԶՈՒ-ի կողմից գերի վերցնելու, ապա գաղտնի պայմաններում հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները կուսումնասիրվեն։
Ըստ Աբրահամյանի՝ այդ հրապարակումները վերհանվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկումների շրջանակում եւ ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին՝ ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանը նոյեմբերի 14-ին ապօրինի հատելու եւ տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ:
ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 300.2-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում վերանշյալ հրապարակումները կստուգվեն եւ հետաքննության առարկա կդառնան:
ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հերքել էր մամուլում եւ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, ըստ որոնց՝ նոյեմբերի 14-ին հայկական կողմը վեց ադրբեջանցի զինծառայողի է գերեվարել, այնուհետեւ գաղտնի վերադարձրել: