Ըստ «Արմենպրես»-ի՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 16-ին սանձազերծված մարտական գործողությունների հետևանքով գերեվարված եւ անհետ կորած համարվող անձանց հարցով առաջիկա օրերին անհապաղ միջոցի կիրառման դիմում-խնդրագրեր կուղարկվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Իրավապաշտպանը շեշտել է, որ առաջնային խնդիրն անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը եւ կյանքը պաշտպանության տակ վերցնելու հարցերն են: Եվրոպական դատարանն ազատ արձակելու անհապաղ միջոց չի կիրառում:
Սահակյանը հիշեցրել է ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանում գործընթացների մասին. Հայաստանն Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու պահանջ է ներկայացրել ՄԱԿ-ի դատարանում՝ դրանով, ի թիվս այլ պահանջների, պնդելով անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին, փակել ռազմական ավարի պուրակը: Սահակյանն ընդգծել է, թե հույս ունեն, որ մի քանի շաբաթվա ընթացքում իրավական որոշում կլինի այս հարցի վերաբերյալ:
Նոյեմբերի 16-ի Ադրբեջանի սադրանքներից հետո իրավապաշտպանների հետ կապի մեջ է անհետ կորած համարվող եւ գերեվարված անձանց շուրջ 10 ընտանիք: «Փաթեթները նախապատրասման փուլում են: Դրանք առաջիկա օրերին՝ վաղը կամ ամենաուշը մյուս օրը, կներկայացնենք ՄԻԵԴ»,- ասել է Սահակյանը: «Անհետացման հանգամանքներն էլ առավելապես խոսում են գերեվարման օգտին»,- նշել է նա:
Գերեվարումների եւ անհետ կորածների հարցով զբաղվում են Սիրանուշ Սահակյանը, Արտակ Զեյնալյանը, եւ քանի որ կա միջպետական գանգատ, ներգրավվածություն ունի նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: