Ըստ «Կավկազսկի ուզել» պարբերականի՝ արցախցիները Բերձորի համար տրված անվտանգության երաշխիքները բավարար չեն համարում:
Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ անցնելուց հետո Բերձորում աշխատատեղերի պակաս չկա, բայց անվտանգության երաշխիքներ էլ չկան:
Բերձորից հայերի դուրս գալուց հետո միջանցքով անցուդարձ անելը կդառնա վտանգավոր։ Թեեւ քաղաքի եւ նրա հարակից Աղավնո, Սուս գյուղերի բնակիչների մի մասը դեռ մնում են, բայց կեցության պայմաների անհստակության պատճառով իրենց ապահով չեն զգում։ Համայնքների ղեկավարները, սակայն, միջանցքում ապրելն անվտանգ են համարում:
Բերձորցի Մհեր Մազմանյանը խոսում է տարածվող լուրերի մասին, թե իբր ադրբեջանցի զինվորականները շրջում են առանց ռուս խաղաղապահների, թեեւ քաղաքում ինքն անձամբ ոչ մի ադրբեջանցու չի հանդիպել: «Հարցն այն չէ՝ ինչ սպառնալիք է բխում ադրբեջանցիներից, այլ այն, որ քեզ պաշտպանված չես զգում. այստեղ ինքնապաշտպանական նպատակներով զենք կրելն արգելված է»,-ասում է Մազմանյանը: