85-ամյա Վահագ Էլբակյանին 1992 թվականին, որպես Արցախյան առաջին պատերազմում հերոսաբար զոհված ազատամարտիկի հոր, Դալմայի այգիների տարածքում հողատարածք են հատկացրել: Տարածքի մի մասի նկատմամբ նա գրանցել է վարձակալությամբ օգտագործելու իրավունք:
Նա վստահ էր, որ հողն իրենցն է, չէ՞ որ թաղային իշխանություններն էին նվիրել՝ հավաստիացնելով, թե թղթաբանության կարիք չկա. «Ո՞ւմ է պետք այդ անպետք տարածքը»:
Կնոջ հետ ամայի տարածքը քարերից մաքրել ու տարիներ շարունակ դրախտավայր են դարձրել: Մեծ-մեծ քարերի տեղափոխմանը ժամանակին նույնիսկ նրա 78-ամյա մայրն է մասնակցել: Տարիների ընթացքում այգին դարձել էր նրանց ապրուստի հիմնական միջոցը, կյանքի իմաստը:
«2017 թվականին, մի օր ինձ մոտեցավ Ղուկաս անունով մի մարդ, ներկայացավ որպես քաղաքապետարանի պաշտոնյա եւ առաջարկեց գումար տարածքի դիմաց: Ամիսներ շարունակ ինձ համոզում էր, շահագրգռում, որ համաձայնեմ, այլապես դա էլ չեմ ստանա, քանի որ տարածքը պետության կողմից գերակա շահ է ճանաչվել, ու պետք է այդտեղ ծրագիր իրականացվի»,- պատմում է Էլբակյանը:
Ի վերջո հաջողվում է Էլբակյանին մոլորեցնել: Այսուհանդերձ, նա համաձայնում է առաջարկվող գումարի դիմաց զիջել միայն իր կողմից փաստացի օգտագործվող տարածքը, որը եւս քարերից մաքրել, ծառեր էր տնկել, այգի դարձրել: Իսկ վարձակալության իրավունքով իրեն պատկանող Երեւանի Մալաթիա Սեբաստիա համայնքի Դալմայի այգիների հողամասը (պետական գրանցման թիվ 01-007-11) չի համաձայնում տալ:
Մոտ մեկ տարի անց՝ 2019-ի հունիսին, մի օր անակնկալ տեսնում է, որ իր ամբողջ այգին ցանկապատի մեջ է առնված: Բանն այն է, որ կառավարության որոշմամբ 2018 թվականի հունվարին 99 տարի ժամկետով տարածքը տրվել էր «Պարկ Գրուպ» ընկերությանը՝ ժամանցի կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագիր իրականացնելու համար:
Էլբակյանը համոզված էր, որ ապօրինություն է, չէ՞ որ տարածքի նկատմամբ իրավունքից չէր հրաժարվել, մինչեւ 2026 թվականը պայմանագիր ուներ: Սակայն մի օր տեղեկանում է, որ հրաժարվել է, իբր լիազորագրեր է տվել, որ իր փոխարեն այլք գործարքներ անեն, ընդ որում՝ այդ փաստաթղթերն էլ ստորագրել է այն ժամանակ, երբ եղել է Ռուսաստանի Դաշնությունում:
«Այդ փաստաթղթերը կեղծվել են, ես դրանք չեմ ստորագրել: Այս առիթով քրեական գործ է հարուցվել, ինձ քաղաքի մի քննչական բաժնից մյուսն էին տանում: Հետո գործը կարճվեց, թեեւ փորձաքննական եզրակացություն կար, որ իմ ստորագրությունը չէ,- արցունքը հազիվ զսպելով՝ պատմում է զոհված ազատամարտիկի հայրը,- այդ անձինք կազմակերպված ձեւով ինձ խաբել են, մոլորեցրել, տիրացել իմ քրտինքով ստեղծած այգուն»:
Այս տարիքին որոշել է ամեն գնով արդարությունը վերականգնել: Փաստաբան է վարձել ու Կադաստրի պետական կոմիտեից պահանջում է անվավեր ճանաչել իրավունքի դադարեցման վերաբերյալ գրառումը, քանի որ այն հիմնված է կեղծված փաստաթղթերի վրա: Կադաստրի կոմիտեն, սակայն, համարում է, որ ամեն ինչ իրավաչափ է:
Նոյեմբերի 17-ին Վարչական դատարանում դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական դատական նիստը: «Պարկ Գրուպ» ընկերության ներկայացուցիչը, որ գործում որպես երրորդ կողմ է ներգրավված, առարկություն հայտնեց՝ պատճառաբանելով, որ Էլբակյանը տեղյակ է եղել, որ տարածքը վերցվելու է, համաձայնել է, գումար ստացել, տարածքն էլ արդեն վարձակալական հիմունքներով իրենց է տրված, ուստի անիմաստ է Կադաստրի կոմիտեի կայացրած որոշման վիճարկումը: Մինչ այդ վերջինս միջնորդություն էր ներկայացրել գործի վարույթը կարճելու վերաբերյալ:
Էլբակյանը չի հրաժարվում, այո՛, գումար վերցրել է, բայց ոչ ամբողջ տարածքի դիմաց, այլ տարածքի մի փոքր հատվածի համար, ծառերի ու տարածքում առկա շինության փոխհատուցման մասին էլ՝ ոչ մի խոսք:
«Իմ տնկած ծառերը կտրել են, վաճառել ու դրանով իրենց ծախսած գումարը հանել են: 120 հաստաբուն պտղատու ծառ ունեի: Շինությունս էլ քանդել են, գույքս թողել անձրեւի ու արեւի տակ, գոնե թույլ չեն տվել ցանկապատից ներս մտնեմ, վերցնեմ»,- ավելացնում է Էլբակյանը:
Սակայն այս պահին նա փոխհատուցման պահանջ չի ներկայացնում, առայժմ նրա պահանջը մեկն է՝ չեղյալ համարել կեղծ ստորագրությամբ, իր բացակայությամբ իրականացված գործարքը:
Դատական նիստը կարճ ժամանակով հետաձգվեց:
Ի դեպ թե՛ «Պարկ Գրուպ»-ի, թե՛ Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները դատարանի դահլիճում դիմակ չէին կրում, նկատում է Էլբակյանը: Թերեւս սա խոսում է օրենքի նկատմամբ նրանց ունեցած վերաբերմունքի մասին:
շարունակելի
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։