Ամերիկյան «Forbes» ֆինանսատնտեսական ամսագրի հեղինակ Պոլ Իդդոնը գրում է, որ ԼՂ հակամարտության վերջին զարգացումների փորձը դաժան դաս եղավ Հայաստանի համար՝ ժամանակակից պատերազմների եւ զենքի գնումների տրամաբանությունն ընկալելու առումով։
«Forbes»-ի հեղինակը հղում է անում Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ԱՄՆ նախկին միջնորդ Մեթյու Բրայզային, որի կարծիքով՝ վերջին հակամարտությունը «ցույց տվեց, որ ռուսական զենքի համակարգերը՝ լինեն դրանք S -300 հակաօդային պաշտպանության հրթիռներ կամ T-72 տանկեր, իսրայելական եւ թուրքական ժամանակակից անօդաչու թռչող սարքերի հետ համեմատած՝ այլ ժամանակաշրջանի են պատկանում»։
Դիվանագետը գտնում է, որ Իսրայելը՝ լինելով Ադրբեջանի զենքի խոշոր մատակարար եւ ադրբեջանական նավթ ներկրող, ամենայն հավանականությամբ Երեւանին նոր զինատեսակներ կամ անօդաչու թռչող սարքեր չի վաճառի։ Իսկ Թուրքիայի դեպքում՝ ամեն ինչ պարզ է։ Միաժամանակ Բրայզան կասկածում է, թե ԱՄՆ-ը կարող է զենքի գործարքի մեջ մտնել Հայաստանի հետ։ Միակ տարբերակը մնում է Ռուսաստանը։ «Ցանկացած դեպքում, Հայաստանը փող չունի դրանք գնելու համար»,- ասում է Բրայզան: