Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով 2021-ի հունվար-փետրվարին երկրի արտահանման խոշորագույն գործընկերներն են Չինաստանը՝ 520,6 միլիոն ԱՄՆ դոլար, Ռուսաստանը՝ 481,8 միլիոն ԱՄՆ դոլար, եւ Ադրբեջանը՝ 443,4 միլիոն ԱՄՆ դոլար։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ երեք երկրների դեպքում էլ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ, այս տարի արտահանումից ստացված գումարն աճել է։ Չինաստանի դեպքում արտահանումն աճել է 24%-ով, Ռուսաստանի դեպքում՝ 37,2%-ով, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 21,6%-ով։
Ըստ Geostat-ի՝ 2021-ին Չինաստանի մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմել է 15,3%, Ռուսաստանինը՝ 14,2%, իսկ Ադրբեջանինը՝ 13,1%։
Վրաստանից Չինաստան հիմնականում արտահանվում են պղնձի հանքաքար եւ խտանյութ։ 2021-ի հունվար-հոկտեմբերին Չինաստան է արտահանվել 426,3 միլիոն դոլարի հումք։
Վրացական արտահանման մեջ առաջին տեղն են զբաղեցնում պղնձի հանքաքարերն ու խտանյութերը։ Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունից արտահանվել է 665,6 միլիոն դոլարի հումք։
Geostat-ի տվյալներով Վրաստանից Չինաստան են արտահանվում թանկարժեք մետաղների հանքաքարեր եւ խտանյութեր, բժշկության կամ անասնաբուժության մեջ օգտագործելու գործիքներ եւ սարքավորումներ, բնական խաղողի գինիներ, չմշակված ալյումին եւ այլ ապրանքներ:
2021-ի հունվար-հոկտեմբերին Վրաստանը բացասական առեւտրային հաշվեկշիռ ունի 87 երկրների հետ եւ դրական առեւտրային հաշվեկշիռ՝ 55 երկրների հետ։ Երկրի բացասական առեւտրային հաշվեկշիռն այս ժամանակահատվածում կազմել է 4 միլիարդ 567,3 միլիոն դոլար։