ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը հայտնել է, որ Հայաստանում դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի պահանջը, ըստ որի՝ պատվաստում չանցած քաղաքացիները շաբաթը մեկ անգամ ՊՌՇ-թեստի պատասխան պետք է ներկայացնեն գործատուներին:
«Հրամանի նախագիծը շրջանառության մեջ է դրվել եւ հաստատվել։ Դեկտեմբերի 1-ից գործատուին ՊՇՌ թեստի պատասխանի տրամադրման ժամկետը կրճատվում է 14-ից մինչեւ 7 օր»,- ընդգծել է Խաչատրյանը՝ չբացառելով, որ ապագայում նոր սահմանափակումներ կմտցվեն. առայժմ դրանք քննարկվում են, վերջնական որոշման մասին հայտնի կդառնա դեկտեմբերին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախկին հրամանով հաստատվել էր, որ հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին կա՛մ տրամադրել ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստում անցնելու մասին տեղեկանք, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան։ Թեստը պետք է արված լինի փաստաթղթի ներկայացումից առավելագույնը 72 ժամ առաջ: