Հաղարծինի վանատան խորհրդավոր լռության մեջ տեսողությունից զրկված երեք զինծառայողներ այս օրերին բրայլյան գրի միջոցով տառերն են սովորում: Արցախյան 44-օրյա պատերազմում են կորցրել տեսողությունը: Չնայած բժշկական միջամտություններին՝ աչքի լույսը հնարավոր չի եղել վերականգնել:
Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը (ՀԱԸ), կազմակերպելով մեկշաբաթյա այս դասընթացը, հույս ունի, որ չտեսնող զինվորների դժվարին կյանքում ընթերցանությունն ինչ-որ բան կարող է փոխել: Զինվորները երկրորդ անգամ են այբուբենի տառերը սովորում: Բրայլյան գրաճանաչությունը շատ է տարբերվում դպրոցի առաջին դասարանում նրանց սովորածից: Տառերը նույնն են, բայց տղաներն այսուհետեւ կարդալու են մատների միջոցով՝ շոշափելով կույրերի համար ստեղծված հատուկ գրքերի էջերը, որոնցում տառերն ուռուցիկ են եւ կետիկավոր:
Տեսողությունը կորցրած զինվորներին Հաղարծինի վանատանը սովորեցնում են օգտվել նաեւ ձեռնափայտերից. հատուկ ձեռնափայտերը ճիշտ գործածելու դեպքում էլ տեսողություն չունեցողների առօրյան կարող է ինչ-որ չափով հեշտանալ:
Նախաձեռնությունը Հայաստանի աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Եզնիկ արք. Պետրոսյանինն է: Զինվորներին կյանք վերադարձնելու այս ծրագրում ներգրավված են բրայլյան գրի ուսուցման մասնագետներ, գրադարանավարներ, հոգեւորականներ, հոգեբաններ: Զինվորները, պարզվում է, շատ արագ են սովորում անծանոթ գրահամակարգը:
«Նախ իրենք այնտեղ ամբողջ օրն են անցկացնում, ուսուցումն իրականացվում է սեղմ ժամկետում, ամբողջ օրվա ընթացքում: Հեշտ սովորելու երկրորդ պատճառն այն է, որ իրենք արդեն ունեն այդ ամեն ինչի հիշողությունը, ինչն օգնում է արագ յուրացնելուն»,- «Ալիք Մեդիա»-ին ասում է ՀԱԸ մանկապատանեկան ծրագրերի ղեկավար, նաեւ ընկերության «Հոգետրավմայի ամոքում» ծրագիրը ղեկավարող Մարիաննա Ապրեսյանը:
Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը ձեռք է բերել պատերազմում տեսողությունը կորցրած 15 զինվորի տվյալներ, բայց ոչ բոլորն են համաձայնել մասնակցել գրաճանաչության դասընթացին: Ոմանք դեռ չեն հաշտվում իրենց նոր վիճակի հետ եւ հույս ունեն, թե «հրաշք» բժշկական միջամտությունների շնորհիվ դեռ հնարավոր է վերականգնել տեսողությունը, թեեւ, տեղեկացանք, որ նրանց բժշկական փաստաթղթերում իբրեւ ախտորոշում արդեն հաստատված է կուրությունը:
15 հոգին, որոնց տվյալները ձեռք է բերել ՀԱ Ընկերությունը, ընդամենը Երեւանի բժշկական կենտրոններից միայն մեկում բուժում ստացած զինվորներն են: Այդպիսիք բնականաբար ավելի շատ են: Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը, չնայած ՀԱԸ-ի դիմումներին, կուրացած զինվորների անուններ չի տրամադրել՝ դա համարելով հույժ գաղտնի տեղեկություն:
Աստվածաշնչային ընկերության աշխատակիցները մեծ ցանկություն ունեն ավելի շատ զինվորներ ընդգրկելու ծրագրում: Վստահ են, որ այս համակարգի միջոցով կարդալ սովորելով՝ նրանք փոքր-ինչ կազատվեն հարազատների կախվածությունից, մանավանդ որ զուգահեռ սովորեցնում են նաեւ արգելքներ ճանաչող մասնագիտացված ձեռնափայտը հմտորեն գործածելու եւ տարածության մեջ կողմնորոշվելու ձեւը:
«Ալիք Մեդիա»-ն աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունից տեղեկացավ, որ Արցախյան 44-օրյա պատերազմում տեսողության խնդիրներ է ձեռք բերել 103 զինվոր (իսկ ընդհանրապես, անկախությունից հետո արցախյան պատերազմներում եւ պաշտպանական մարտերում վնասված տեսողությամբ մարդկանց թիվն այսօր 257 է): Նախարարությունն առայժմ վիճակագրություն չունի, թե 103 զինծառայողներից քանիսն է ամբողջությամբ, եւ քանիսը՝ մասամբ կորցրել տեսողությունը, վերլուծությունը կկատարվի վիրահատական եւ բուժական բոլոր փուլերն անցնելուց հետո:
«Բայց տեսողության խնդիրներ ձեռք բերած զինվորներն էլ կարող են օգտվել բոլոր այն աջակցող միջոցներից, որոնցից օգտվում են 44-օրյա պատերազմի մյուս վիրավորները, հաշմանդամները»,- հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը: Եթե լսողությունը կորցրած զինվորը ստանում է լսողական սարք, շարժվելու դժվարություն ունեցողները կամ ոտքերից զրկվածները՝ քայլակ, հենակ, սայլակ եւ այլն, ապա՝ կուրացած զինվորը, օրինակ, կարող է դիմել եւ պետպատվերի շրջանակում ստանալ այսպես ասած «աչքի պրոթեզ»: Այն, իհարկե, չի վերականգնում տեսողությունը, ընդամենը հեռացված աչքի փոխարեն դրվող պլաստմասսայե թաղանթ է՝ արհեստական աչք:
Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունից տեղեկացանք նաեւ, որ նոր ծրագիր է իրականացվում ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորված եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին աշխատանքով ապահովող գործատուների համար: «Պետությունը յուրաքանչյուր եռամսյակը մեկ 100 հազար դրամի չափով գումար կփոխանցի այն գործատուին, ով վիրավոր կամ հաշմանդամ զինծառայող կընդունի աշխատանքի: Անհրաժեշտության դեպքում նաեւ 500 հազար դրամ միանվագ գումար կտրամադրվի այն գործատուներին, որոնք, պատերազմում հաշմանդամություն ձեռք բերածին աշխատանքի ընդունելով, նրա տեղաշարժի համար համապատասխան պայմաններ պետք է ստեղծեն աշխատավայրում»,- տեղեկացանք նախարարությունից:
Ռազմական գործողությունների հետեւանքով տեսողությունը ամբողջությամբ կամ մասամբ կորցրածներին նույնպես գործատուները կարող են աշխատանքի ընդունել՝ օգտվելով այս ծրագրից: Նախարարությունն առայժմ միայն տեսողության խնդիրներ ունեցողների համար առանձին ծրագրեր չունի:
Ընդամենը մեկ տարի առաջ հրաշալի տեսնող եւ միանգամից մեկ կամ երկու աչքից զրկված զինծառայողները (ինչպես նաեւ ոտքերից, ձեռքերից զրկվածները) հոգեբանական եւ ֆիզիկական դեռեւս երկար ճանապարհ են անցնում: Հաղարծին, օրինակ, նրանք հասել են խնամակալների օգնությամբ եւ խնամակալների օգնությամբ էլ մասնակցում են գրաճանաչության դասընթացներին: Տառեր սովորողներից երկուսը պայմանագրային զինծառայողներ են եղել (Վայոց ձորից), մեկը Վեդիից է, ժամկետային զինվոր էր, երբ պատերազմը սկսվել է:
Մարիաննա Ապրեսյանն ասում է, որ զինվորների հետ տարվում է նաեւ հոգեբանական աշխատանք: «Մեր աջակցությունը տարբերվում է զինվորներին տրվող այլ աջակցության միջոցներից՝ հոգեւոր-հոգեբանական է: Հոգեբանն ու հոգեւորականը միասին են աշխատում: Դժվարը զինվորներին համոզելն ու մեր ծրագրերում ընդգրկելն է: Երբ նրանք արդեն գալիս են մեզ մոտ, շատ մեծ բավարարվածություն են զգում»։
Միայն տեսողությունից զրկվածները չեն նրանց ուշադրության կենտրոնում: Այս տարվա սկզբից ՀԱԸ-ն հոգեւոր-հոգեբանական աշխատանք է տանում վիրավորված, հաշմանդամ զինվորների հետ, եւ արդյունքներն, ասում է, նկատելի են:
Իսկ ընդհանրապես, գրաճանաչության նշված ծրագիրն իրականացվում է նաեւ ի ծնե կույրերի կամ հետագայում կուրացած մեծահասակների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով կույրերի համար նախատեսված դպրոց չեն հաճախել: Արդեն ունեն առաջին շրջանավարտները: Նրանց նախ սովորեցնում են տառերը, հետո՝ սուրբգրային ընթերցանություն, այնուհետեւ նրանք արդեն այլ գրքեր են կարդում:
Հաղարծինում բրայլյան այբուբեն սովորող երեք զինվորների համար էլ առաջին ընթերցանության գիրքն Աստվածաշունչն է լինելու: Հայաստանի տարբեր գրադարաններում, ինչպես նաեւ Հայաստանի ազգային գրադարանի «Արեւ» ընթերցասրահում նրանք կարող են օգտվել բրայլյան համակարգով տպագրված գրքերից: 1956 թվականից Հայաստանի կույրերի միավորման տպարանում հայերեն այբուբենին հարմարեցված բրայլյան գրով տպագրվում են բազմազան ժանրի գրքեր, վերջին տարիներին դրանց թիվն ավելացել է նաեւ ժամանակակից հեղինակներով, թարգմանական գրականության նմուշներով: Տեսողությունը կորցրածների համար կան նաեւ «խոսող» գրքեր, համակարգչային ծրագրեր, սակայն ՀԱԸ-ն առայժմ տպագիր գրքերի միջոցով է նրանց կապում ընթերցանությանը:
Եթե այս փուլում ծրագրից հրաժարված մյուս զինվորները հետագայում դիմեն, ընկերությունը պատրաստ է նրանց նույնպես կարդալ սովորեցնելու: Իսկ արդեն սովորողները, ըստ ՀԱԸ աշխատակիցների, դեռ երկար են աջակցության կարիք ունենալու, եւ ընկերության աշխատանքը նրանց հետ շարունակական է լինելու:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։