ՀՀ քաղավիացիայի կոմիտեիի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Նովէյր» ընկերությունը չեղարկել է Երեւան-Կապան թռիչքների իրականացման վերաբերյալ քաղավիացիայի կոմիտեին ներկայացրած իր հայտը:
Կոմիտեն հայտնել է, որ հոկտեմբերի 20-ին «Նովէյր» ընկերությունը հայտ է ներկայացրել Երեւան-Կապան-Երեւան երթուղով դեպի ՀՀ տարածք երկու եւ ավելի ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու վերաբերյալ: Ընկերությունը մտադիր էր թռիչքներ իրականացնել 2022-ի հունվարի 20-ից մինչեւ սեպտեմբերի 20–ը L410 տիպի օդանավով:
Կոմիտեի կողմից վերը նշված հայտին ընթացք չի տրվել, քանի որ ընկերությունը նոյեմբերի 16-ին գրությամբ խնդրել է չեղարկել հարցումը: Երեւան-Կապան-Երեւան կանոնավոր չվերթների մասին հայտարարվել էր նոյեմբերի 11-ին:
Կոմիտեի նախագահի 2020-ի նոյեմբերի 18-ի հրամանով Կապանի «Սյունիք» օդանավակայանին տրվել է «աերոդրոմի սերտիֆիկատ», ինչը միջազգային չափանիշներին համապատասխան վկայում է օդանավակայանի՝ շահագործման պատրաստ լինելու մասին:
Ադրբեջանցի զինվորականները թռիչքուղուց մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա են՝ 44-օրյա պատերազմից եւ հայկական զորքերի դուրսբերումից հետո:
Երեւանից Կապան կարելի է հասնել 5-6 ժամում։ Խորհրդային տարիներին այստեղ կառուցվել են օդանավակայան եւ երկաթգիծ։ 90-ական թվականների սկզբից օդանավակայանը, ինչպես նաեւ Կապան քաղաքը հայտնվել են ադրբեջանական ուժերի հրետակոծության տակ: 2017-ին, երբ այստեղ սկսեցին կապիտալ վերանորոգման աշխատանքները, թռիչքուղու վրա չպայթած արկ գտան։