Անցած տարվա մարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ հանդիսավորությամբ ազդարարվեց «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի ստեղծման մասին։
Այս կենտրոնը վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է եւ կոչված է հետազոտություններ ու վերլուծություններ իրականացնելու տնտեսության, տարածաշրջանային, ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի եւ այլ ոլորտներում:
«Խնդիրը շատ հստակ է ձեւակերպվում. կենտրոնը պետք է ընդարձակի ընդհանուր մտավոր դաշտը, մտավոր տարածքը, գործողությունների դաշտը եւ տարածքը, որում գործում ենք մենք, որում գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որում գործում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը»,- կենտրոնի բացման ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Օրբելի» կենտրոնի ստեղծումը հետեւեց համանման մեկ այլ կենտրոնի՝ «Նորավանքի» «փակմանը», այսինքն՝ պետական ֆինանսավորման դադարեցմանը: Վերջինս հիմնադրվել էր 2000-ին՝ այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ: Ինչպես եւ «Օրբելին», «Նորավանքը» կառավարությունից ֆինանսավորվող միակ խոշոր «ուղեղային», կամ ինչպես ընդունված է ասել արեւմուտքում՝ «think tank» կենտրոնն էր, որի փորձագետների մի մասն այժմ աշխատում է նոր կենտրոնում, իսկ նախկին իշխանությունների ստեղծած գիտակրթական հիմնադրամն արդեն գոյատեւում է սեփական միջոցների հաշվին:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ալիք Մեդիայի» հարցին՝ թե արդյո՞ք արդարացված էր «Նորավանքի» փակումն ու «Օրբելիի» ստեղծումը, պատասխանել են, որ «Նորավանք» հիմնադրամի գործունեության դադարումը եւ «Օրբելի» կենտրոնի ստեղծումը փոխկապակցված չեն, ուստի նման հակադրումը սխալ է:
Այնուամենայնիվ, երկու այս կենտրոնների խնդիրը նույնն է եւ, ըստ էության, մեկը մյուսի «գործի շարունակողն» է: Ընդ որում՝ «Օրբելիի» ֆինանսավորման ծավալներն ու փորձագետների քանակը շատ ավելին է, քան «Նորավանքինը»: Հիմնադրամն իր գործունեության վերջին տարում պետական բյուջեից ստացել է 89.8 մլն դրամ, ունեցել է 34 աշխատակից: «Օրբելին», թեեւ առանձին միավոր չէ եւ չունի առանձին բյուջե, սակայն կենտրոնի փորձագետները փաստացի նույն «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներն են՝ շուրջ 150 հոգի, որոնք իրենց հոդվածներն ու վերլուծությունները հրապարակում են կենտրոնի կայքում: «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում այս տարվա հուլիսի դրությամբ գրանցված է 147 աշխատակից: Հետեւաբար, եթե աշխատակիցները մեծամասամբ նույնն են, կարելի է համարել, որ բյուջեն եւս նույնն է: Իսկ ՊՈԱԿ-ը պետական միջոցներից տարեկան ստանում է 733 մլն դրամ:
«Նորավանք» հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը համոզված է, որ իր ղեկավարած կառույցը փակվեց, որովհետեւ ներկայիս իշխանությունները «դեմ են ցանկացած մտավոր աշխատանքի»: Ըստ նրա՝ «Նորավանքն» իր գործունեության ընթացքում հրատարակել է ութսուներկու մենագրություն, մոտ 500 ամսագիր եւ ժողովածու՝ երեք լեզուներով, եւ զբաղեցնում էր բավականին պատվավոր տեղեր միջազգային վարկանիշային ցուցակներում. «Մենք աշխատում էինք «ուղեղային» կենտրոններին բնորոշ մեթոդներով եւ կատարում էինք միջդիսցիպլինար հետազոտություններ, այսինքն՝ ոչ միայն քաղաքականություն, տնտեսություն, տեղեկատվական անվտանգություն, այլ՝ բոլորի համախումբը, այդ թվում՝ սփյուռքին, հայությանը վերաբերող խնդիրները»:
Ի՞նչ է արել «Օրբելի» կենտրոնն անցած շուրջ 1.5 տարում, որքանո՞վ է «ընդարձակել ընդհանուր մտավոր դաշտը» եւ ի՞նչ համագործակցություն է ծավալել մասնավոր «think tank»-երի հետ:
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ղեկավար Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում հայեցակարգային առումով ճիշտ համարեց, որ «Նորավանքը» տրանսֆորմացվեց «Օրբելի» կենտրոնի:
«Հեղափոխությունից հետո կային կարծիքներ, որ ընդհանրապես կառավարական «think tank» պետք չէ ունենալ, նույնիսկ քաղհասարակության նման կենտրոնների ներկայացուցիչների հետ քննարկում է եղել վարչապետի մոտ: Ես գտնում եմ, որ անկախ հետազոտական կենտրոններն անշուշտ լավ բան են, բայց նաեւ կառավարական «think tank»-ն է պարտադիր, թեեւ այն նաեւ մրցակից է մեր կենտրոնին: Անցած տարի մենք հետաքրքիր համագործակցություն ունեցանք «Օրբելի» կենտրոնի հետ, իրենց փորձագետներին խնդրեցինք մեզ համար հետազոտություններ պատրաստել: Դա լավ համագործակցության օրինակ էր»,- ասաց Ս.Սաֆարյանը:
Սակայն, ըստ նրա՝ «Օրբելի» կենտրոնի ընդհանուր աշխատանքը քիչ տեսանելի է. «Միգուցե նյութերն առավելապես փակ օգտագործման, պետական ծառայողների համար են, ես տեղյակ չեմ, բայց կարծում եմ՝ նաեւ պետք է հանրային կարծիքի դաշտում իրենք շատ ուժեղ լինեին, քանի որ այդ կենտրոնն անշուշտ որոշումների վրա ազդելու խնդիր ունի»:
«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով՝ ինքնին սխալ է պետությունից նման կառույց ֆինանսավորելը, որովհետեւ «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը». «Իրենք տալու են այն կարծիքը, որը հաճելի է լինելու իրենց գործատուին: Իսկ նման գործունեությունն անիմաստ է, որովհետեւ ԱԳՆ-ն, Անվտանգության խորհուրդը եւ այլ պետական հիմնարկներ ունեն նման վելուծական բաժիններ: Կարծում եմ՝ նման «think tank»-երում պետք է ներգրավված լինեն ոչ թե ինչ-որ սկսնակներ, որոնք ո՛չ փորձ ունեն, ո՛չ գիտելիք, ո՛չ իրականությունը գիտեն, այլ՝ անկախ, արդեն փորձառություն ունեցող եւ արդյունք ցույց տված մարդիկ՝ նախկին պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, նաեւ երիտասարդ թիմ, որին կփոխանցվի կուտակված փորձը»:
«Պետությունը հսկայական փողեր է ծախսում այդ կենտրոնի վրա, բայց ո՞վ ասաց, որ իրենք այդ աշխատանքն ավելի լավ են անում, քան կարող էր անել իմ կենտրոնը: Ո՞վ եւ ինչպե՞ս որոշեց դա: Գուցե ես այդ նույն պատվերն իրականացնեի եռակի էժան եւ կրկնակի լավ արդյունքով: Դա մտքի, գաղափարական արտադրանք է: Ինչո՞ւ ասֆալտելու համար մրցույթ է հայտարարվում, իսկ գաղափարի արտադրանքի դեպքում մենաշնորհ է հաստատված»,- հավելեց Ա.Պապյանը:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ Հայաստանում «ուղեղային» կենտրոնները կրում են խորհրդային համակարգի դրոշմը. «Թե՛ նախկինում «Նորավանքը», թե՛ ներկայումս «Օրբելի» կենտրոնը գործում էին եւ են ուղիղ պետական ֆինանսավորմամբ: Եվ դա ունի թերություններ: Երբ պատվիրատուն պետությունն է, կենտրոններում աշխատող գիտնականները, փորձագետները հակված են տալու այնպիսի վերլուծություններ, որոնք հաճո կլինեն իշխանություններին, այն մարդկանց, որոնք վճարում են իրենց աշխատանքի դիմաց: Դա ընդհանրապես ամենուր է այդպես, բայց երբ պատվիրատուները շատ են եւ տարբեր, այլ իրավիճակ է, իսկ երբ այն մեկն է, որը պահանջում է որոշակի ուղղվածության ինֆորմացիա, դա հանգեցնում է խնդիրների: Դա հատուկ է ոչ միայն հետխորհրդային երկրներին, այլ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրների»:
Իսկանդարյանը նկատեց, որ Հայաստանում իրական քաղաքագետների լուրջ պակաս կա. «Լուրջ գիտության գոյությունը քաղաքական գործիչները չեն գիտակցում, քանի որ ուղիղ շահույթ կամ ներդրումների վերադարձ չի ապահովվում: Դա PR կամ սոցիոլոգիա չէ: Դա միայն ծախս է պահանջում, բայց որոշակի պահի շատ լուրջ, նույնիսկ ճակատագրական դեր կարող է խաղալ: Նման մասնագետներ չունենք, եւ պետությունն օգտվում է այն մարդկանց վերլուծություններից, որոնք իրականում չեն կարող վերլուծել: Եվ ծագում են խնդիրներ»:
«Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պետ Հովհաննես Մովսիսյանը «Օրբելի» կենտրոնի աշխատանքն արդյունավետ է որակում. «Ըստ էության, «Օրբելի» կենտրոնն առաձին միավոր չէ, ՊՈԱԿ-ի ծառայությունն է, իսկ ՊՈԱԿ-ն աշխատում է մոտ 50 պետական կառույցների հետ եւ նրանց պարբերաբար տրամադրվում են տարբեր ուղղություններով խորհրդատվական փաստաթղթերի ուսումնասիրություններ, առաջարկներ, վերլուծություններ եւ այլն: Եվ մեր գործընկեր կառույցներից ստացած արձագանքները հուշում են, որ իրենք գոհ են այդ աշխատանքից: Այս ծավալը կարծում եմ, ապացուցում է, որ կենտրոնի աշխատանքն արդյունավետ է»:
Կարծիքը, որ կենտրոնի գործունեության արդյունքը հանրային դաշտում նկատելի չէ, Մովսիսյանն ընդունում է ի գիտություն: «Իհարկե, մենք պետք է փորձենք ավելի ակտիվացնել աշխատանքները, բայց մի բան պետք է հաշվի առնել, որ մեր կենտրոնը նոր է եւ ՊՈԱԿ-ի համար այս ոլորտում աշխատանքը նոր ուղղություն է: Այդ առումով այստեղ նաեւ միջազգային փորձն ուսումնասիրելու, մեր գործընկերների հետ աշխատելու խնդիր կար: Բայց ես կարծում եմ, որ մեկնարկը բավականին լավն է, որովհետեւ մենք բավականին հետաքրքիր միջազգային կապեր սկսեցինք ձեռք բերել տարբեր երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, Իրանում, Վրաստանի, Ռուսաստանի մեր գործընկերների հետ: Իհարկե, աշխատանքն իդեալական չէ, ես ընդունում եմ, նաեւ այս տարի կորոնավիրուսի պատճառով մեր միջոցառումները չեղարկվեցին, եւ առայժմ կենտրոնն ավելի պասիվ վիճակում է»,- նշեց Մովսիսյանը:
Շուրջ 20 տարի լրագրության ոլորտում եմ: Լուսաբանում եմ սոցիալ-տնտեսական, քաղաքական թեմաներ: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու եմ: