ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Հայաստանը համաձայնել է մասնակցել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Երեւան-Բաքու բարձր մակարդակի գագաթնաժողովին:
Եվրոպական խորհուրդը երեկ հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Եվոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պայմանավորվածություն է ձեռք բերել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը եւս մեկնաբանել է Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու Եվրոպական խորհրդի առաջարկը:
«Ինչպես հայտնի է, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույցներ է ունեցել նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ առաջարկել Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում դեկտեմբերի 15-ին անցկացնել նրանց հանդիպումը: Ադրբեջանական կողմը միշտ բաց է քաղաքական երկխոսության համար եւ ողջունում է այդօրինակ շփումները: Այդ կապակցությամբ Ադրբեջանը համաձայնություն է տվել Եվրոպական խորհրդի միջնորդությամբ նման հանդիպման կազմակերպմանը»,- հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաեւան:
Աբդուլաեւան հավելել է, թե հետպատերազմական իրողությունների վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է հանրապետության նախագահի կողմից, նաեւ միջազգային հարթակներում: