Երեւանի «Էրեբունի» ավիաբազայում կանգ առած ռուսական ինքնաթիռները՝ «Русские витязи» օդաչուական խումբը, նոյեմբերի 21-ին բարձրագույն պիլոտաժի հնարքներ է ցուցադրել Երեւանի երկնքում:
Չորս կործանիչներից բաղկացած օղակը՝ գնդապետ Անդրեյ Ալեքսեեւի հրամանատարությամբ, դասավորվել է շեղանկյունաձեւ եւ համաչափ կատարել է մարտական շրջադարձեր եւ իջեցումներ, ինչպես նաեւ բարձրագույն սավառնորդության թռիչքաձեւեր՝ ֆիգուրներ: Ելույթի ընթացքում գնդապետ Ալեքսեեւը կատարել է խիստ բարդ հնարք՝ պտույտէջք հարձակման անդրկրիտիկական անկյունից։
Ավիախումբը Երեւանում կանգ է առել Դուբայում ավիասալոնին մասնակցելուց հետո։ Մերձմոսկովյան Կուբինկա օդանավակայանի ճանապարհին նախատեսվել է վայրէջք կատարել վերալիցքավորման եւ հանգստի համար:
«Այդ ժամանակ էլ որոշվեց երեւանցիներին նվեր մատուցել։ Եղանակը՝ հիանալի, պիլոտաժը՝ կատարյալ, ինչպես միշտ»,- հայտնել է «Էրեբունի» օդանավակայանում ՌԴ Օդատիեզերական ուժերի ռազմակայանի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը։
Ավիաշոուի ընթացքում «Русские витязи» ավիախումբը կրկնել է Դուբայի ավիասալոնի ծրագիրը՝ ամբողջ օղակով ցուցադրելով ցրումներ, իջեցումներ եւ բարձրագույն պիլոտաժի ֆիգուրներ։
«Русские витязи»-ն աշխարհում եզակի ավիախմբերից է, որ բարձրագույն սավառնորդության ֆիգուրներ է կատարում ծանր կործանիչներով։ Ավիախումբը պարբերաբար ելույթ է ունենում Ռուսաստանի եւ արտերկրի ավիասրահներում, ինչպես նաեւ հաղթանակի զորահանդեսների ժամանակ Մոսկվայում:
Երեւան ժամանած «վիտյազների» (դյուցազուն) մեծ մասը Վոլգոգրադի Կաչինսկի նշանավոր թռիչքային ուսումնարանի շրջանավարտներ են: Փառահեղ պատմությամբ այս ուսումնական հաստատությունը Խորհրդային Միության մի քանի հերոս եւ տիեզերագնաց-օդաչուներ է տվել։
«Մենք շատ ակտիվ համագործակցում ենք նաեւ ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության, ինչպես նաեւ Էրեբունիում տեղակայված գնդերի հրամանատարների եւ Գյումրիի օդանավակայանի գնդի հրամանատարի հետ»,- ընդգծել է ռազմական օդաչուն։