Բուլղարիայում մի խումբ քաղաքացիներ բուլղարա-թուրքական սահմանի «Կապիտան Անդրեեւո» սահմանային կետում փակել են ճանապարհը՝ բողոքելով «ընտրովի զբոսաշրջության» դեմ։ Նրանք շեշտել են, որ բուլղարացի բազմաթիվ թուրքեր, մշտապես ապրելով Թուրքիայում, ընտրությունների օրը զանգվածաբար գալիս են Բուլղարիա, քվեարկում եւ վերադառնում։
Ըստ բուլղարական «Ստանդարտ» պարբերականի՝ բողոքի կազմակերպիչ Վեսելին Իլչեւը նշել է, որ իրենք որեւէ կուսակցության հետ կապ չունեն, պարզապես նպատակ ունեն թույլ չտալու ուրիշի միջամտությունն իրենց երկրի ընտրություններին։ Կազմակերպիչը նշել է, որ ցուցարարները ճանապարհը կբացեն Թուրքիայից եկող այն մեքենաների առջեւ, որտեղ կան երեխաներ կամ հիվանդներ, ճանապարհ կտան նաեւ արագ փչացող բեռներով բեռնատարներին:
Թուրքիայից Բուլղարիա ուղեւորվող ավտոբուսներից մի քանիսում նաեւ մաքսանենգության դեպքեր են հայտնաբերվել։ Թուրքական կողմը բողոքի նոտա է հղել Բուլղարիային իր բեռնատարները զննելու համար։
Բուլղարիայում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների առաջին փուլը եղել է նոյեմբերի 14-ին: Երկրորդ փուլ են անցել գործող նախագահ Ռումեն Ռադեւը եւ Սոֆիայի համալսարանի ռեկտոր Անաստաս Գերջիկովը։ Երրորդ տեղում Մուսթաֆա Քարադայն է։ Բուլղարական «Երկրորդ ճակատ» պարբերականը նշել է, թե Մուսթաֆա Քարադայ անունով «բուլղարացին» ստացել է 242421 ձայն, որից 83107- ը՝ արտասահմանից, 97-տոկոսով՝ Թուրքիայից:
Բուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է նոյեմբերի 21-ին անցկացված ընտրությունների երկրորդ փուլի նախնական տվյալները: Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը մեծ առավելությամբ հաղթել է մրցակցին՝ Անաստաս Գերջիկովին։ Ռադեւը հավաքել է ձայների մոտ 68 տոկոսը, Գերջիկովի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 32 տոկոսը։
Անաստաս Գերջիկովը շնորհավորել է ընտրություններում հաղթողին, հույս հայտնել, որ առաջիկա 5 տարում խոստումները կիրականանան։ Նա հայտարարել է համալսարանում աշխատանքի վերադառնալու իր մտադրության մասին։