2018 թվականից Հայաստանում գործում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որի համաձայն՝ ՀՀ աշխատող քաղաքացիներն ու պետությունն ամեն ամիս որոշակի գումարներ են վճարում այն հեռանկարով, որ մենք ապագայում կստանանք ավելի բարձր կենսաթոշակ եւ կունենանք բարեկեցիկ ծերություն։ Ուրեմն հետաքրքիր է իմանալ, թե 4 տարվա ընթացքում ինչ արդյունքի է հասել բավականին մեծ աղմուկով ու դժվարությամբ, միաժամանակ մեծ խոստումներով ներդրված այդ համակարգը։
Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների թիվն այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ 658010 է։ Դատելով մասնակիցների թվի փոփոխությունից՝ կարելի է խոսել բավական դինամիկ աճի մասին. ընդամենը 3 ամիս առաջ կիսամյակի տվյալներով 646182 էր։ Բնականաբար աճել է նաեւ ֆոնդերում կուտակվող գումարի չափը. սեպտեմբերի 30-ի դրությամբ այն կազմել է մոտ 426 մլրդ դրամ կամ մոտ 887 մլն դոլար կիսամյակի 412,6 մլրդ դրամի կամ մոտ 848 մլն դոլարի փոխարեն։ Դրանք մեր՝ ապագա թոշակառուներիս փողերն են։ Վճարում ենք յուրաքանչյուր ամիս, որ երբ ծերանանք, նույն պարբերականությամբ ստանանք որպես կենսաթոշակ։
Գործող դրույքաչափերով յուրաքանչյուր ամիս աշխատողի աշխատավարձի 10 տոկոսը կուտակային կենսաթոշակային վճարն է։ Աշխատողը, սակայն, այսօր այդ 10 տոկոսից ընդամենը 3,5 տոկոսն է վճարում, 6,5 տոկոսը պետությունն է վճարում։ Երկու տարի հետո հավասարվելու է, եւ յուրաքանչյուր կողմ վճարելու է 5 տոկոս։
Կուտակային կենսաթոշակային վճարը պարտադիր է 1974 թվականին եւ դրանից հետո ծնված քաղաքացիների համար։ Մինչ այդ ծնվածների համար պարտադիր չէ, ցանկության դեպքում նրանք նույնպես կարող են միանալ համակարգին։ Կուտակային կենսաթոշակը վճարվելու է 14 տարի անց՝ 2035-ին, քանի որ 1974-ին ծնվածները հասնելու են թոշակի տարիքի։ Բացի կուտակայինից՝ համակարգին միացած քաղաքացիները կստանան նաեւ պետական կենսաթոշակը։
Կուտակված 426 մլրդ դրամը հիմնականում կառավարում են արտասահմանյան երկու ֆոնդեր՝ ֆրանսիական «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն եւ ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն։ Ֆոնդերից յուրաքանչյուրը կառավարում է կուտակված գումարի գրեթե կեսը. առաջինում մոտ 20 մլրդ դրամ ավելի է։ Բայց հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է կառավարվում այդ բավականին մեծ գումարը, որ այն ոչ միայն չկորչի, չարժեզրկվի, այլ ավելանա, եւ տարիներ անց մեզ արժանապատիվ կենսաթոշակ վճարեն։
Պարզվում է՝ 426 մլրդ դրամից 147,5 մլրդ դրամը կամ ավելի քան 34 տոկոսը ներդրված է Հայաստանի պետական պարտատոմսերում։ Եվս 39 մլրդ դրամ՝ այլ պարտատոմսերում։ Պարտատոմսերի եկամտաբերությունը բավականին բարձր է՝ այսօրվա դրությամբ տարեկան 8,5-9,5 տոկոս, եւ այդ գումարի դիմաց ամեն տարի պետական բյուջեից կլորիկ գումար են ստանում։
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ բանկային ավանդները եւ այլ դրամական միջոցները կազմել են 108,7 մլրդ դրամ։ 127 մլրդ դրամը ներդրված է կոլեկտիվ ներդրումային գործիքներում, այսինքն՝ արտասահմանում բաժնետոմսեր են ձեռք բերվել։ Եվ 3-4 մլրդ դրամ էլ այլ ակտիվներ են։ Հավելենք նաեւ, որ կուտակային ֆոնդերի կառավարիչներն իրավունք ունեն տնօրինած գումարի ընդամենը 30-40 տոկոսը դուրս հանելու կամ ներդնելու արտարժույթային շուկաներում, մեծ մասը պետք է ներդնեն Հայաստանում։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ այդ բարեփոխման ջատագովները բացատրում էին, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն ունի երկու կարեւոր նպատակ՝ հնարավորինս արժանավայել կենսաթոշակ եւ ներդրումների համար երկար ու էժան փողեր ունենալը։
Առաջին նպատակի իրագործման մասին դեռ վաղ է խոսելը, դա հասկանալի կլինի 14 տարի անց։ Ինչ վերաբերում է կենսաթոշակային ֆոնդերի գումարները որպես էժան եւ երկարատեւ միջոցներ տնտեսության մեջ ներգրավելու ցանկությանը, ապա վերը ներկայացված թվաբանությունից հասկանալի է դարձել, որ այնքան էլ չի արդարացվել։ Եթե 426 մլրդ դրամից 186 մլրդով պետական եւ այլ պարտատոմսեր է ձեռք բերվել, 108 մլրդը ավանդ եւ այլ դրամական միջոց է, 127 մլրդն էլ դուրս է հանվել, դա նշանակում է, որ իրական տնտեսության մեջ առայժմ ոչինչ չի ներդրվել։
«Վատ է, դա ցույց է տալիս, որ մենք տնտեսություն չունենք»,- շատ հակիրճ մեկնաբանեց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հավելում է, որ բանկերն իրենց հերթին ֆոնդերի կողմից իրենց մոտ դրված գումարների մեծ մասով նորից պետական պարտատոմսեր են ձեռք բերել։ «Անցած տարվա տվյալներով բանկերի ակտիվների մոտ 30 տոկոսը պետական պարտատոմսեր են: Այսինքն՝ պետությունը գումարը տալիս է ֆոնդերի կառավարիչներին եւ բանկերին, հետո այդ ֆոնդերի կառավարիչներից ու բանկերից պարտքով վերցնում է, ինչի արդյունքում այդ գումարը տարեցտարի մեծանում է: Օրինակ՝ հաջորդ տարվա կանխատեսումներով պետական բյուջեից եւ աշխատողներից այդ ֆոնդերին ուղղվելիք գումարը դառնալու է 106 մլրդ դրամ»։
Ստացվում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից 4 տարի անց այդ ֆոնդերն իրենց եկամուտը հիմնականում ստանում են պետբյուջեից. պետությունից ստացած գումարը պետությանը տոկոսով են տալիս։ Բանկերում ավանդ դրված գումարի մի մասն էլ նույն ճանապարհով է եկամուտ բերում։ Մյուս մասն էլ որպես վարկ տրամադրվում է քաղաքացիներից եւ մեր վճարած վարկային տոկոսներով է եկամուտ բերում։ Եվ առայժմ պետությունն ու մենք ենք վճարում մեր բարեկեցիկ ապագայի համար։ Ֆոնդերի կառավարիչների ծառայությունը, որի համար մենք բավականին բարձր ենք վճարում, դեռ չի արդարացվել։
Ինչո՞ւ այդ ահռելի գումարները՝ գոնե Հայաստանում մնացած ավելի քան 300 մլրդ դրամը կամ ավելի քան 600 մլն դոլարը, չեն ներդրվում տնտեսության իրական հատվածում եւ չեն ծառայում մեր տնտեսության զարգացմանը։ «Դրա համար պետք է ունենաս արժեթղթերի զարգացած շուկա, կարճաժամկետ, երկարաժամկետ ֆինանսական շուկա: Մենք չունենք բաժնետոմսերի շուկա, բայց երկարաժամկետ փող ենք բերում: Մեր բաժնետիրական շուկան չի զարգացել, այսինքն՝ գումար դնելու տեղ չկա՝ բացի պարտատոմսեր գնելուց եւ ավանդ դնելուց։ Եվ հայտնի էլ չէ, թե այդ շուկան մեզ մոտ երբ կձեւավորվի, որ ֆոնդերի գումարները կլանի ու եկամուտ վերադարձնի»,- ասում է ՍուրենՊարսյանը։
ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, սակայն, նորմալ է համարում ստեղծված իրավիճակը եւ կարծում է, որ ֆոնդերի կառավարիչները մեր թոշակների գումարները պահելու հուսալի ճանապարհ են ընտրել։ «Բա որտե՞ղ ներդնեն, բա որ մեկը պարտքը չվերադարձնի, դու պատրա՞ստ ես քո միջոցները կորցնելու: Թիվ մեկ խնդիրը հուսալիությունն է, միջոցների անվտանգությունը։ Անվտանգություն նաեւ դիվերսիֆիկացայի առումով. մի մասն՝ ազգային դրամով, մի մասը՝ օտար արժույթով»,- ասում է տնտեսագետը:
Հավելենք նաեւ, որ հաջորդ տարի ֆոնդերի գումարը՝ այդ 426 մլրդ դրամն էլ ավելի է մեծանալու, քանի որ թե՛ մենք, թե՛ պետությունը նորից ամեն ամիս գումար ենք վճարելու։ Այդպես ամեն տարի։ Եվ երբ կուտակային համակարգի՝ արդեն կենսաթոշակի վճարման փուլը մոտենա, ֆոնդերում հավաքված գումարը գուցե ՀՀ պետական բյուջեից շատ լինի։ Երկրներ կան, որոնց կենսաթոշակային հիմնադրամներում ոչ թե իրենց բյուջեի, այլեւ իրենց ՀՆԱ-ի չափ գումարներ կան։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։