IDFA-ն (The International Documentary Film Festival Amsterdam) փառատոնն Ամստերդամում անցկացվում է 1988 թվականից, վավերագրական կինոյի միջազգային հեղինակավոր փառատոներից է: Միջազգային կինոծրագրերից, համաշխարհային պրեմիերաներից բացի փառատոնն իրականացնում է նաեւ բանավեճեր, ֆորումներ ու վարպետաց դասեր, ունի նաեւ հատուկ՝ «Life achievement award» («Ստեղծագործական նվաճումների համար») մրցանակ:
Կինոյի ոլորտում անգնահատելի ավանդի համար հատուկ մրցանակն այս տարի հանձնվել է անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին:
Փառատոնի տնօրեն, սիրիացի պրոդյուսեր Օրվա Նիրաբիան խոսել է Փելեշյանի, կինոյի պատմության մեջ նրա ֆիլմերի կարեւորության մասին։
Փելեշյանը մրցանակը անձամբ պետք է ստանար, առողջական խնդիրների պատճառով ճանապարհորդել չի կարողացել: Վարպետի փոխարեն այն ստացել են Փարիզի «Կարտիե» ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Էրվե Շանդեսն ու ռեժիսոր Անդրեյ Ուջիկան։
Ֆիլմը հանրությանն է ներկայացրել Փելեշյանի կինոգործունեության երկրպագու, երգչուհի եւ գրող Փեթի Սմիթը, որը այդ նպատակով Նյու Յորքից ժամանել էր Ամստերդամ։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2020-ի հոկտեմբերին Փարիզում, նկարահանվել է Ֆրանսիայի «Foundation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «Z KM» ֆիլմարտադրող ընկերության հետ համարտադրությամբ։
«Բնություն»-ը Արտավազդ Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանած «Կյանք» ֆիլմից 27 տարի անց ստեղծած առաջին ֆիլմն է, որտեղ Փելեշյանն անդրադարձել բնության թեմային՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։
Ֆիլմի 15000 եվրո հոնորարը Փելեշյանը Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին փոխանցել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ հաջակցություն Արցախի:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։