Ի՞նչ են ընտրությունները, եւ ինչո՞ւ են դրանք կարեւոր, ինչպե՞ս լինել ակտիվ քաղաքացի եւ կատարել ճիշտ ընտրություն, ի՞նչ է ընտրակաշառքը եւ ինչո՞ւ է վատ բան համարվում։ Այս հարցերին պատասխանում է Հայաստանում ինտերակտիվ թատրոնի առաջատար «Փոփոխությունների թատրոնը», որի նպատակը դպրոցահասակ երեխաներին իրազեկելն է ազատ, թափանցիկ ընտրությունների եւ ընդհանրապես քաղաքացիական կրթության մասին։
Թատրոնի՝ մարզային շրջագայությունների հերթական կանգառը Լոռու Ակներ գյուղն է։ «Դեպի պայծառ կղզի» ինտերակտիվ ներկայացման հանդիսատես ու մասնակից 8-13 տարեկան երեխաները պետք է ընտրեն նավապետի՝ փրկելով նավը ծովահեններից եւ կործանումից։
Թեկնածուներ, քարոզարշավ, ընտրակաշառքի մեխանիզմի գործադրում, գաղտնի քվեարկություն, ձայների հաշվարկ կամ պարզապես ընտրական գործընթաց, որին մասնակցում են Հայաստանի ապագա ընտրողները։
«Մեր թեմաները բազմազան են, եւ բոլոր ներկայացումներն ունեն ուսուցողական որոշակի նշանակություն։ Իսկ ամենակարեւորը՝ հանդիսատեսը միշտ ակտիվ ներգրավված է գործողություններում եւ դրանով ինչ-որ բան կարողանում է փոխել, նրա ձայնը որոշիչ է։ Սա կարեւոր առանձնահատկություն է»,- ասում է «Փոփոխությունների թատրոն»-ի հիմնադիր եւ ստեղծագործական տնօրեն Հայկ Սեկոյանը։
ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրով թատրոնն ունենալու է մարզային 15 այցելություններ։ Ծրագիրը թեեւ ներառում է ամբողջ Հայաստանը, բայց դպրոցների կողմից նախապես ներկայացված հայտերից ընտրություն է կատարվում․ մեկ ծրագրով հնարավոր չէ լինել բոլոր բնակավայրերում։
Հայկ Սեկոյանն ասում է՝ մարզային այցելությունների համար մշտապես նոր հնարավորություններ են փնտրում։ Իսկ ընդհանրապես «Փոփոխությունների թատրոն»-ի գործունեության 95 տոկոսը, ըստ տնօրենի, մարզերում է իրականացվում, ինչը մեծ ձեռքբերում են համարում։
Հիմնադրման օրից՝ արդեն 15 տարի, «Փոփոխությունների թատրոն»-ի կազմում են երիտասարդ պրոֆեսիոնալ դերասաններ, որոնք աշխատում են նաեւ Հայաստանի առաջատար թատրոններում։ Զառա Հակոբյանն ասում է՝ ներկայացումների նման ձեւաչափն իր համար շատ հետաքրքիր է, երբ հանդիսատեսն ինչ-որ պահի կարող է դերասանին հավասար մասնակցել ներկայացմանը։
«Ներկայացումների ընթացքում մենք ամեն կերպ հարմար միջավայր ենք ստեղծում, որ հանդիսատեսը չամաչի իր կարծիքը հայտնելուց։ Ներկայացումներ ունենք, որ հանդիսատեսը բեմում փոխարինում է դերասանին, եւ շատ հաճախ ինտերակտիվ հատվածի հանգուցալուծումը հենց նրանից է կախված։ Մարզերում փորձում ենք առավելագույնս ներգրավել բնակիչներին, ակտիվացնել մշակութային կյանքն ու նաեւ հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի հեռավոր բնակավայրերում, ինչ կարծիք ունեն մարդիկ այսօրվա տարբեր խնդիրների շուրջ»,- պատմում է դերասանուհին։
Դերասան Վահագն Գասպարյանը ցավով է նկատում, որ մարզերում մշակույթի կենտրոնների եւ դպրոցների դահլիճները հիմնականում վատ վիճակում են, իսկ բնակիչները կարոտ են մշակութային իրադարձությունների։
«Մեր պետությունը, մասնավորապես մշակույթի, սպորտի նախարարությունը ուշադրություն պետք է դարձնի ու զարկ տա էս տեսակի միջոցառումներին, որովհետեւ ամեն բնակիչ չէ, որ հնարավորություն կունենա գնալու քաղաք։ Իսկ էս կերպով, էս ֆորմատով, երբ արդեն թատրոնն է գալիս, տոն ենք կազմակերպում համայնքի համար։ Ինձ համար մեծ պատիվ է խաղալ էստեղ, էս հող ու ջրի մարդկանց համար, էս անկեղծ մարդկանց համար։ Ու ես հպարտ եմ, որ մշակութային գործով թեկուզ մի փոքր լումա կարողանում եմ ներդնել»,- ասում է դերասանը։
«Փոփոխությունների թատրոն»-ը կշարունակի լինել Հայաստանի մարզերում եւ տարածել թատրոնի նոր, ինտերակտիվ տեսակը՝ բարձրաձայնելով մարդկանց հուզող խնդիրները։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։