Ադրբեջանի լրատվամիջոցները հայտնել են, թե երկրի մշակույթի նախարարությունը մտադիր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը փաստաթղթեր ներկայացնել՝ Շուշին «ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղծագործական քաղաքների ցանցում» ընդգրկելու համար։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այդ քայլը Ադրբեջանի հերթական սադրանքն է որակել: Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է նաեւ, որ այս պահին Ադրբեջանի կողմից նման հարցում ուղարկելու մասին տեղեկություն չունեն:
ԱԳՆ-ն ընդգծել է, որ Բաքուն մշտապես քաղաքականացնում է մշակութային ծրագրերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում՝ հանդես գալով տարբեր սադրիչ նախաձեռնություններով: «Այդ առումով բացառություն չէ նաեւ Շուշին «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծագործական քաղաքների ցանցում» ընդգրկելու հայտի վերաբերյալ հայտարարությունը»,- ասված է ԱԳՆ պարզաբանման մեջ։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են նաեւ, որ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքում հայկական մշակութային եւ կրոնական արժեքների պատշաճ պահպանման հարցը գերատեսչության ուշադրության կենտրոնում է: Այս առումով աշխատանքներ են տարվում, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ հայկական պատմամշակութային ժառանգության էության ոչնչացումն ու խեղաթյուրումը կանխելու համար։