ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 21-ի դրությամբ կատարվել է 1110891 պատվաստում, որից` առաջին չափաքանակ` 738887, երկրորդ չափաքանակ՝ 372004:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն այսօր մամուլի ասուլիսում ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ չնայած դեպքերի 40-50 տոկոս նվազմանը։ Նվազումը նա պայմանավորել է ուսումնական հաստատությունների երկշաբաթյա արձակուրդով եւ առցանց իրականացվող դասընթացներով:
Աբովյանը նշել է, որ հիվանդացության դեպքերը դանդաղել են մինչեւ 0.5-0.6 տոկոսով. անցած ամիս 1 տոկոսից ավելի էր։ Նա շեշտել է, որ դպրոցների բացման եւ տրանսպորտային համակարգի ծանրաբեռնվածության հետեւանքով կա դեպքերի աճի եւ տարածվածության ռիսկ։
Մասնագետն ընդգծել է, որ կարեւոր են դիմակ դնելը, ձեռքերի ախտահանումը, սոցիալական հեռավորության պահպանումը, իսկ կորոնավիրուսային իրավիճակն ավելի մեղմելու եւ կայունացնելու համար ամենակարեւոր գործոնը պատվաստումն է եւ պատվաստված հասարակություն ունենալը։
Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 272-ով եւ դարձել 334347: Փաստացի բուժվում է 18150 բուժառու: Առողջացել է 30748-ը, այսօր կա 1873 առողջացած:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7308 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում չի ավելացել, այն հասել է 1405-ի։
Կատարվել է 2311186 թեստավորում, այսօր՝ 4730: