Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ դեկտեմբերի 10-12-ին Լիվերպուլ քաղաքում տեղի կունենա Մեծ յոթնյակի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Գագաթնաժողովին կմասնակցեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարները: Հանդիպմանը մասնակցելու են նաեւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի՝ ASEAN-ի ներկայացուցիչներ, ինչը, ըստ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի, Հնդկա-Խաղաղօվկիանոսյան աճող հետաքրքրության նշան է: Նախարարները կքննարկեն մի շարք համընդհանուր հարցեր, որոնց թվում՝ տնտեսական կայունությունը կորոնավիրուսից հետո, գլոբալ առողջապահությունը եւ մարդու իրավունքները:
Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան 1967-ին ստեղծված տարածաշրջանային կազմակերպություն է, որի կազմում են Թաիլանդը, Ինդոնեզիան, Մալայզիան, Սինգապուրը, Ֆիլիպինները։