Հոկտեմբերից սկսած՝ Ալավերդու «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունն իրազեկման մեդիաարշավներ է կազմակերպում դեպի Հայաստանի՝ հանքարդյունաբերության հետեւանքով աղտոտված տարածքներ եւ պոչամբարներ։
Նախաձեռնության մեջ որպես փորձագետներ ընդգրկված են «ԷկոԼուր» եւ «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Արարատի եւ Սյունիքի մարզերից հետո լրագրողները Լոռիում են՝ Ստեփանավանի վարչական տարածքում գտնվող Արմանիս գյուղում։
Գյուղից 1,5 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի ոսկի-մետաղային ամենախոշոր հանքավայրերից մեկը, որը 2011-ին սկսել է շահագործել «Գլոբալ Մեթըլզ» ընկերությունը՝ ի դեմս «Սագամար» ՓԲԸ-ի։ Սակայն 2015 թվականի ամռանը հանքի շահագործումը դադարել է։
Հանքավայրի տարածքում արդյունաբերական թափոնների լցակույտեր են, որոնցից արտահոսքերն անարգել տարածվում են շրջակա միջավայրում՝ աղտոտելով Չքնաղ գետը, դաշտերն ու տնամերձ հողերը։ Այս տարվա հուլիս-օգոստոսին Արմանիսի հողատարածքներում միջազգային փորձագետների իրականացրած նմուշառումների եւ լաբորատոր հետազոտության ընթացքում պարզվել է, որ հողի մեջ առկա ծանր մետաղների քանակությունը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը։
Չեխիայի առողջապահության ինստիտուտի՝ Ուստի-նադ-Լաբեմի շրջանում գտնվող հավաստագրված լաբորատորիայում կատարված ուսումնասիրության արդյունքները լրագրողներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ Արմանիսի բնակիչներին ներկայացրեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը։
Հողի մեջ մկնդեղի, քրոմի, պղնձի, նիկելի, կապարի եւ ցինկի թույլատրելի սահմանը մինչեւ 10-20 անգամ գերազանցող քանակը իսկական սպառնալիք է մարդկանց առողջության համար, ինչն, ըստ մասնագետի, անտեսվում է թե՛ պետության եւ թե՛ հանքարդյունաբերող ընկերության կողմից։
«Մետաղական բաց հանքը իր թափոններով աղտոտում է բուն հանքի տարածքից 10 անգամ ավելի մեծ տարածք։ Կան պարտադիր նորմաներ, որոնք ընկերություններից չեն պահանջում, ինչպես, օրինակ, վերականգնել աղտոտված եւ խախտված հողերը, ինչը շատ մեծ աշխատանք է եւ պահանջում է մեծ միջոցներ։ Նաեւ ռեկուլտիվացիա չի արվում»,- ասում է Ինգա Զարաֆյանն ու շեշտում ամենակարեւորը՝ ծանր մետաղների վնասակար ազդեցությունը մարդկանց առողջության վրա, ինչը նշանակում է ռիսկի տակ դնել իմունային, արյունատար համակարգերը, լյարդը, ապա՝ գենետիկան, որովհետեւ առաջին դասի վտանգավոր էլեմենտները միանշանակ ազդում են գենետիկ ապարատի վրա։
Բնապահպանը խոսեց նաեւ օրենսդրական բացերից, ինչի հետեւանքով էլ հանքարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակն օր օրի ավելի աղետալի է դառնում։ Չկան այնպիսի մեխանիզմներ, որոնք ընկերություններին պատասխանատու հանքարդյունաբերության դաշտ կբերեն՝ լիարժեք պաշտպանելով շրջակա միջավայրը, կենսաբազմազանությունն ու մարդու առողջությունը։
Արմանիսի հանքավայրի դեպքում հանքը շահագործող ընկերության եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության միջեւ կնքված պայմանագրում առկա սոցիալական ու բնապահպանական պարտավորությունների (ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի, ինչպես նաեւ շինությունների եւ այլ կառույցների պահպանություն ընդերքօգտագործմանն առնչվող աշխատանքների վնասակար ազդեցությունից, ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողամասերի վերականգնում եւ բարեկարգում) մեծ մասը «Սագամար»-ը չի կատարել։ Այդ մասին «ԷկոԼուր»-ին հայտնել են Ստեփանավանի համայնքապետարանից։
Մինչդեռ Արմանիսի բնակիչները, բանախոսներին ընդհատելով եւ աղմկելով, փորձում էին ամեն կերպ խոչընդոտել իրազեկման արշավի անցկացումը։ Նրանք պնդում էին, որ վերջին 5-6 տարիներին, չաշխատելու պայմաններում անգամ, հանքի ղեկավարությունը միշտ իրենց կողքին է եղել, աջակցել, օրինակ, ջրագծերի եւ կոյուղու խնդիրներ լուծելու գործում։
56-ամյա Նազիկ Հովհաննիսյանը Արմանիս այցելող բոլոր լրագրողներին եւ կազմակերպություններին մեղադրում է ապատեղեկատվություն տարածելու համար եւ հորդորում իրենց դասեր չտալ հանքարդյունաբերության պատճառած վնասների մասին։
«Մենք երրորդ դասարանից գիտենք, որ բոլոր քիմիական նյութերը վնասակար են։ Եթե դուք մտածում եք, որ մենք մեր առողջության մասին չենք մտածում, եւ դուք պետք է գաք, մեզ տեղեկացնեք, սխալվում եք։ Ձեզ նման էնքան կազմակերպություններ են եկել, հետո հրապարակել, որ իբր Արմանիսում կանայք չեն հղիանում, կովերը չեն կթվում։ Զավեշտ է։ Մեր կովերը կթվում են, ծնում են, կանայք էրեխեք են բերում, բոլորն առողջ են, լավ են, մենակ աշխատանքի կարիք ունենք, աշխատատեղի, հանգիստ գնացե՛ք ձեր տները»,- գոռալով ասում է Արմանիսի բնակիչն ու վստահեցնում՝ պահանջելու են կառավարությունից, որ հանքը կրկին աշխատի, եւ գյուղից գնացածները վերադառնան։
Տեղացիներն իրենց վատ կենսապայմաններն ու արտագաղթը միայն հանքի չաշխատելու հետ են կապում։ Արմանիսի բնակիչ, «Սագամար» ՓԲԸ-ի աշխատակից Վահե Հակոբջանյանն ասում է՝ 406 հաստիքային եւ 130 պայմանագրային աշխատող են ունեցել, որոնք հիմնականում Արմանիսի, Ուրասարի եւ Ստեփանավանի բնակիչներ են եղել։
«Փակվելուց հետո ահագին մարդ արտագաղթեց։ Հանքը, որ աշխատեց, հնարավոր է որոշ չափով վնասակար լինի, բայց վնասն ավելի քիչ է լինելու, քան չաշխատելու դեպքում»,- կարծում է բնակիչը։
Արմանիսում մարդկանց հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։ Հողագործությամբ գրեթե չեն զբաղվում։ Գյուղում ոռոգման ջուր, հակակարկտային կայաններ չկան ու, ինչպես ասում են, կարկուտն ամբողջ բերքը սրբում տանում է։ Երիտասարդ գյուղացիներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, կարծում է՝ ավելի լավ կլինի տեղական ու միջազգային կազմակերպությունները ոչ թե խոսեն հանքարդյունաբերության վնասներից, այլ օգնեն գյուղացուն այլընտրանք գտնելու։ Դրա բացակայության պատճառով է նաեւ, որ ուզում են՝ հանքը վերագործարկվի։
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը հավաքված արմանիսցիներին փորձում էր բացատրել, որ իրազեկման արշավին մասնակից կառույցների եւ անձանց նպատակը հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները բարձրաձայնելն է, որոնց չլուծվելու պայմաններում էլ տուժում է բնությունն, ու ոտնահարվում մարդու իրավունքները։
«Պետք է հասկանանք, թե ինչ թերություններ կան մեր ՇՄԱԳ-ի օրենքում, ինչ լրացումներ պետք է արվեն ՀՀ օրենսդրությունում, որպեսզի քաղաքացու իրավունքները լինեն պաշտպանված, եւ ապրենք անվտանգ միջավայրում։ Պետք է հասնել նրան, որ պետություն-հանքարդյունաբերություն եւ քաղաքացի երկխոսությունը պայմանավորված լինի միմյանց շահերով։ Մինչդեռ հանքերի ազդակիր համայնքներում մարդիկ ապրում են առանց առողջության տարրական ապահովագրության։ Իսկ պետությունը նոր-նոր է սկսել մշակել շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության ռազմավարությունը,- ասում է Օլեգ Դուլգարյանն ու ավելացնում,- առաջնայինը քաղաքացու շահն է, որը կպաշտպանվի միայն պատասխանատու հանքարդյունաբերություն ունենալու պարագայում»։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։