Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ 2021-ի անշարժ գույքի հարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է։ Քաղաքապետարանն ու տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը ՀՀ քաղաքացիներին հորդորել են ավելորդ տույժերից խուսափելու համար մինչեւ ս.թ. դեկտեմբերի 1-ը մարել գույքահարկի գծով հարկային պարտավորությունները։ Հակառակ դեպքում կկիրառվի օրենքով նախատեսված տուգանք` պարտքի 0.04%–ի չափով` 730 օրվա համար։
Քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ անշարժ գույքի հարկերի հավաքմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները: Գործարկվել է նաեւ pay.e-community.am հարթակը: Վճարել կարելի է նաեւ մի շարք բանկերի միջոցով։
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով Հայաստանի ամբողջ տարածքում գույքահարկի հաշվարկման ու վճարման նոր կանոններ են սահմանվել:
2021-ի հունվարի 1-ից անշարժ գույքի համար հարկ վճարելը պարտադիր է դարձել ՀՀ բոլոր սեփականատերերի համար` անկախ գույքի արժեքից։ Նախքան այս փոփոխությունը 3 միլիոն դրամը չգերազանցող գույքի սեփականատերերն ազատված էին գույքահարկից։
Բացի դրանից՝ մինչեւ հիմա հողամասերն ու շինությունները գնահատվում էին առանձին-առանձին. շինությունների համար վճարվում էր գույքահարկ, հողամասերի համար՝ հողի հարկ: Օրենքի փոփոխությունից հետո, 2021-ի հունվարի 1-ից սկսած, երկու հարկերը միավորվել ու պարզեցվել են եւ այժմ հաշվարկվում ու գանձվում են միասին` որպես անշարժ գույքի միասնական հարկ:
Միասնական հարկը հաշվարկվում է գույքի ու հողամասի կադաստրային արժեքների հանրագումարով` ըստ նոր ընդունված գոտիականության։ Հայաստանի ամբողջ տարածքը բաժանվել է 20 գոտիների. 1-12-ը՝ Երեւանում:
Ամենաթանկ գոտին առաջինն է՝ մայրաքաղաքի փոքր կենտրոնը, որտեղ 1 քմ հողամասի արժեքը սահմանվել է 330000 դրամ` ըստ կադաստրային արժեքի։ Համեմատության համար նշենք, որ Երեւանի ծայրամասային ամենավերջին` 12-րդ գոտում հողամասերի կադաստրային արժեքը հաստատված է 1 քմ-ը 2888 դրամ:
Փոփոխված օրենքով բնակիչներին միանգամից հարկային մեծ բեռի տակ չգցելու համար կառավարությունը սահմանել է նոր գույքահարկերի վճարման փուլային տարբերակ, ըստ որի` 2021-ին քաղաքացիները կվճարեն գույքի գնահատված արժեքից հաշվարկված հարկի 25%-ի, 2022-ին` 30%-ի չափով, ապա ամեն տարի աստիճանաբար կավելանա` մինչեւ 2026-ը հասնելով 100%-ի։
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության տվյալներով ՀՀ տարածքում այս տարվա համար հաշվարկված 3 միլիարդ 209 միլիոն դրամ անշարժ գույքի հարկից այս պահի դրությամբ վճարվել է 1 միլիարդ 991 միլիոնը, որից 1 միլիարդ 630 միլիոնը՝ գույքի հարկի, 361 միլիոնը՝ հողի հարկի մասով։