«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին հայտնել է, որ Հայաստանը, Ղազախստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները հետաքրքրված են ռուսական Ка-52М (Супераллигатор) եւ Ми-28НЭ (Ночной охотник) նորագույն հարվածային ուղղաթիռներով։
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Բոգինսկին հայտնել է, որ արտասահմանյան պատվիրատուները ռուսական ուղղաթիռների նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորել ԱՄԷ-ում նոյեմբերի 14-18-ը անցկացված Dubai Airshow 2021 միջազգային ցուցահանդեսի շրջանակում։
«Պատվիրակություններ կային Հայաստանից, Ղազախստանից, Մալայզիայից, Մավրիտանիայից, ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից։ Рособоронэкспорт-ի գործընկերներն ակտիվորեն աշխատում են առաջ գնալու համար, մեզ գոհացնում է արդյունքը»,- ասել է Բոգինսկին։
ԱՄԷ-ում անցկացված Dubai Airshow 2021 ավիացուցահանդեսի գլխավոր նորույթներից մեկը Ми-28НЭ հարվածային ուղղաթիռն էր, որն առաջին անգամ է ցուցադրվել արտասահմանյան ցուցահանդեսների ժամանակ։ Dubai Airshow-ին առաջին անգամ է մասնակցել նաեւ Ка-52М-ը: Ավիացուցադրության շրջանակում օդանավերը մասնակցել են թռիչքային ծրագրին, որի ընթացքում ցուցադրել են իրական օդային մարտերի ժամանակ կիրառվող բարդ պիլոտաժի եւ մանեւրումների տարրերը։
Ка-52М-ը «Ալիգատոր» Ка-52 ուղղաթիռի արդիականացված տարբերակն է։ Նոր ուղղաթիռի հրթիռային սպառազինությունը միասնականացվել է մեկ այլ նորագույն հարվածային ուղղաթիռի` Ми-28НЭ սպառազինության հետ, ինչը թույլ է տվել զգալիորեն մեծացնել թիրախների խոցման հեռավորությունը։ Բացի դրանից՝ Ка-52М-ը ռադիոլոկացիոն նոր համալիր է ստացել։ Արդիականացված ուղղաթիռի փորձանմուշի առաջին թռիչքն իրականացվել է 2020-ի օգոստոսի 10-ին։
Ми-28НЭ ուղղաթիռը նախատեսված է օդային թիրախները, տանկերն ու զրահատեխնիկան վերացնելու համար, կարող է օգտագործվել նաեւ հետախուզության ու պարեկության նպատակով։ Կործանիչի սպառազինության համալիրը ներառում է 30 մմ տրամաչափի շարժական թնդանոթ, 6 եւ 10 կմ հեռահարության երեք տեսակի հակատանկային կառավարվող հրթիռներ, «օդ–օդ» կառավարվող հրթիռներ, երկու տեսակի չկառավարվող հրթիռներ, մինչեւ 500 կգ տրամաչափի ավիառումբեր։ Ուղղաթիռն օժտված է մեծ կենսունակությամբ, անձնակազմի խցիկի ճակատային եւ կողային հատվածները զրահապատ են: Ռազմական ինքնաթիռը կարող է իր առջեւ դրված խնդիրներն արդյունավետորեն իրականացնել շատ շոգ եղանակին: Ներսում տեղադրված է նոր էկրանային-արտանետիչ եւ փոշեդիմացկուն համակարգ:
Հայաստանի 2022-ի պետբյուջեով նախատեսվում է պաշտպանության նախարարությանը հատկացնել 345.4 միլիարդ դրամ՝ այսօրվա փոխարժեքով ավելի քան 707 միլիոն դոլար, ինչը 10.8 տոկոսով ավելի է ռազմական գերատեսչության 2021-ի ծախսերից։ Նշենք, որ հայկական բանակի սպառազինությունը բաղկացած է ավելի քան 20 ռուսական ուղղաթիռից։