Հիմա ֆեյսբուքյան պահոցներս քրքրելու ժամանակ եւ նյարդեր չունեմ, հիշողը կհաստատի․ երբ անցյալ տարի այս օրերին մի երիտասարդ քաղաքագետ գրեց, որ Սյունիքը եւ Արցախը՝ պատմականորեն ըմբոստ, իսկ Այրարատյան միջնաշխարհը «հարմարվողական» է եղել, հնարավոր էր կռահել զարհուրելի ենթատեքստը, որ ինչ-որ տեղից, ինչ-որ երկրի հատուկ ծառայություններից եւ ռազմական ծրագրավորողներից մեզ հերթական «կուտն են տալիս»։
Ամենախարդախ նպատակները, որպես կանոն, մատուցվում են «հայրենասիրական փաթեթավորումներով», եւ ես, երեւի հունվարի սկզբներին էր, գրառում կատարեցի, որ մշակված է «Լեռնահայաստան ծրագիր»։ Շատ հավանական համարեցի, որ գայթակղության համար դա կներկայացվի Սյունիքի եւ Արցախի մնացած մասի «միավորմամբ», հետո կսադրեն մի «թեթեւակի վեճ՝ Կապա՞նն է «մայրաքաղաք» լինելու, Գորի՞սը, թե՞ Ստեփանակերտը», եւ «ներլեռնահայկական» անխուսափելի «վերմակն իր վրա քաշելու» գզվռտոցի մեջ թեման կփակվի։
Տագնապներս կիսեցի մի քանիսի հետ, ինձ երեւի ցնորվածի տեղ դրեցին։ Երեկ կարդացի «Ադեկվադ» օրդենի հիմնադիր Արթուր Դանիելյանի գրառումը, որ տարածել են մի քանի կայքեր. նույն ահազանգն է հնչեցնում։ Դա արդեն ես չեմ՝ ստեփանակերտյան իմ յոթ տարի տեւող «ճգնարանից»։ Մարդը շատ հայտնի շրջանակների հետ կապեր ունի (ինքն է ասում), թույլ է տալիս հրապարակային դիմել երրորդ նախագահին՝ հորդորելով, որ կա՛մ «խոսի», կա՛մ ինքը «կխոսի»։ Եվ ահա, կարծես, սկսել է «խոսել»։
Այլ առիթներով ասել եմ, որ Ադրբեջանը դեմ է խորհրդային քարտեզներով Հայաստանի հետ սահմանազատում-սահմանագծմանը։ Դեմ է նաեւ «դիմադրության շարժումը»։ Ադրբեջանի պարագայում պատճառները պարզ, հստակ, հասկանալի են․ այդ պետությունը հռչակվել է որպես 1918-1920 թվականներին գոյություն ունեցած՝ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, որն իր տարածք էր հայտարարել նախկին ցարական կայսրության Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգները, Երեւանի նահանգի մի շատ զգալի մասը։
1991 թվականի հոկտեմբեր-նոյեմբերյան թշնամական հաշվարկը «հանճարեղորեն» բաց էր. ԽՍՀՄ-ը փլուզվում է, Լեռնային Ղարաբաղը գրեթե ամբողջովին հպատակեցված է, մնում է պատերազմով գրավել Սյունիքը, Սեւանի ավազանի արեւելյան գոտին, եւ Հայաստանից կմնա այնքան տարածք, որքան Օսմանյան Թուրքիան ճանաչել է Բաթումի (1918 թվականի հունիսի 4-ի) պայմանագրով։ Սա էր, հավանաբար, նկատի ունենում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ ասում էր, որ ԼՂ խնդրի խորքային իմաստը մեզանում չի ընկալվում։ (Մեջբերումը բառացի չէ, իմաստն եմ փոխանցում)։
Քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանը ստացել է «թուրքական երազանքը» գոնե մասամբ իրականություն դարձնելու բացառիկ հնարավորություն, եւ ոչ ոք Իլհամ Ալիեւին չի ների (ինքն իրեն չի ների), եթե «աստեղային ժամը» բաց թողնի։ Այլապես ի՞նչ ԱԴՀ իրավահաջորդ, եթե պիտի ճանաչի խորհրդային իրավա-քաղաքական իրողությունները (ներառյալ ԼՂ սուբյեկտությունը եւ որեւէ կարգավիճակը, երբ սկզբունքորեն նշանակություն չի ունենա՝ Ադրբեջանի՞ կազմում է դա որոշարկվում, թե՞ դուրս)։ Ես չեմ ասում, իրենց նախկին արտգործնախարար Զուլֆուգարովն է ձեւակերպել, որ «սահմանազատման-սահմանագծման համաձայնագրի ստորագրումից եւ գործընթացի մեկնարկից հետո Հայաստանը մի կողմ կքաշվի, առաջ կգա ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը եւ կդնի ԼՂ կարգավիճակի հարցը»։
Սա նույն Զուլֆուգարովն է, որ անցյալ տարվա սեպտեմբերի առաջին տասնօրյակում հայտարարել էր, թե «պատերազմն արդեն այլընտրանք չունի, իսկ օրը եւ ժամը կորոշի գերագույն գլխավոր հրամանատարը»։ (Ով կասկածում է մեջբերման հավաստիությանը, թող Google-ում որոնի, անպայման կգտնի)։ Ահա այս՝ ադրբեջանական խիստ մտահոգվածության համատեքստում ի՞նչ «դիմադրություն» է կազմակերպվում։ (Նիկոլ Փաշինյանի «դավաճանությունը» եւ աղետալիորեն ստույգ ձախողումները թողնենք մի կողմ, քաղաքական լինի, թե իրավական, գնահատականը կտանք մի փոքր շունչ առնելուց, Հայաստանը մղձավանջից դուրս բերելուց հետո, «գնդակահարության պատ» ցնցակաթվածը հաղթահարած երկրի ցանկացած բնակավայրում միշտ էլ կգտնվի)։
Ինչի՞ն ենք գնում «դիմադրելու»։ Խորհրդային քարտեզներով հայ-ադրբեջանական սահմանազատում-սահմանագծմա՞նը։ Կարսի՞, Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի՞ն։ Իսկ որպես «ծանրակշիռ կռվան» ի՞նչ ենք սեղանին դնում։ «Ուիլսընի քարտե՞զը»։ Ազգերի լիգայի «որոշո՞ւմը»։ Սա ծիծաղելի կլիներ, եթե այս աղետալի վիճակում չլինեինք։ Ոչ ոք լավ օրից չէ, որ խոսել է պահանջատիրության վտանգավորության մասին, լավ օրից չէ, որ միակ հնարավորություն է գնահատվել ԼՂ փուլային կարգավորումը։ Ոչ ոք, տրամաբանորեն, հենց այնպես վայնասուն չի բարձրացնում, երբ թեեւ վերապահումներով, բայց ակնարկվում է, որ 1998-ի իշխանափոխությունը մեծ հաշվով սպասարկել է Բաքվի շահերը։
Քառասունչորսօրյա պատերազմը, հաջորդած մեկ տարին հոծ գիծ են քաշել պետական մտածողության եւ (անմեղության կանխավարկածը հարգենք) արկածախնդրության միջեւ, դիմակները հանված են։ Բայց այսքան անամոթությո՞ւն, այսքան հացկատակությո՞ւն, այսքան անտերությո՞ւն, երբ լրագրողը Սյունիքից ավտոերթով գալիս է Երեւան, որ․․․ Սյունիքը «փրկի՞»։ Եվ արդյոք նողկալի ֆարս չէ՞ր, որ երեք ամիս առաջ Սյունիքում «պողպատե մանդատ» ստացած իշխանությունը Գորիսում եւ Կապանում «պարտվում է»։ Ո՞ւմ, «Շանթ դաշինքի՞ն»։
Ծիծաղելու սիրտ չկա, նույնիսկ չարախնդալու, որովհետեւ զոհասեղանին Հայաստանն է։ Քանի որ, ինչպես ռուսներն են ասում, «մաշկով ես զգում», որ Երեւանի կենտրոնում ձեւակերպվում է մի առաջնահերթություն, որ թշնամու նախկին արտգործնախարարը գերխնդիր է տեսնում իր երկրի համար՝ կանխել խորհրդային իրողություններով Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը, բացառել ԼՂ կարգավիճակի խնդրով որեւէ բանակցություն։ Նրա (պաշտոնական Բաքվի, թուրք-ադրբեջանական տանդեմի, թերեւս այլ կենտրոնի էլ) նպատակը բացահայտ է․ «Հայաստանը պետք է ունենա այն սահմանները, որ ճանաչել է Օսմանյան Թուրքիան»։
Ո՞րն է «դիմադրության» հետապնդած իրական շահը։ Մի՞թե Սյունիք-Արցախի մնացած մասով «Լեռնահայաստանի հռչակումը»։ Մի՞թե Նժդեհի եւ նժդեհականության, Արցախի, լեռնական հայի ֆենոմենացումը եւ համառ-հետեւողական կուլտիվացիան այս սցենարի նախապատրաստական փուլն էր։ Մի՞թե մեր ժողովրդի հավաքական գիտակցությունը ցավից այնքան է մթագնել, որ նույնիսկ բաց հուշումները (ոչ իմ կամ «Ադեկվադի») նրան չեն սթափեցնում։
«Դիմադրության մեխանիկան» պետք է կասեցվի։ Ու եթե գործող վարչախումբը չգնա դրան, հարկ կլինի արձանագրել, որ «մի կաթսայում երկու գլուխ չի եփվում» կազուսային իրավիճակը հանգուցալուծելու հրեշավոր ծրագրի հետ գործ ունենք։ «Գլուխ»-ները փրկվում են (մեկը մյուսին փրկում է) Հայաստանը «երկու կաթսայի» բաժանելո՞ւ գնով։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։