Հայկական գրադարանների եւ ԱՄՆ կոնգրեսի գրադարանի միջեւ 2005-ից գործող գրքերի փոխանակման ծրագրով Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ամերիկյան կենտրոնը ավելի քան 5000 հայկական գիրք է ուղարկել ԱՄՆ՝ հարստացնելով Կոնգրեսի գրադարանի հայկական հավաքածուն:
Կոնգրեսի գրադարանն իր հերթին գրքեր է տրամադրել Հայաստանի խոշոր գրադարաններին՝ Հայաստանի ազգային գրադարանին, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանին եւ Երեւանի պետական համալսարանի գիտական գրադարանին, ՀՀ ԱԺ-ի գրադարանին եւ այլն։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ դեսպան Լիլիթ Մակունցն այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, որտեղ հայկական եւ վրացական բաժնի մասնագետ Խաչիկ Մուրադյանը նրան է ներկայացրել գրադարանում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությունը՝ եզակի նշանակության հայկական ձեռագրեր, Աստվածաշունչ-մատյաններ, պատմական նշանակության փաստաթղթեր ու ցուցանմուշներ:
Դեսպան Մակունցն ու Խաչիկ Մուրադյանը քննարկել են հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։