Սոցիալական ցանցերում բնապահպանների եւ քաղաքացիների կողմից Երեւանյան լճի աղտոտվածության շուրջ ահազանգի վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով նախարարության հետ համաձայնեցվել է Երեւանի քաղաքապետարանի մշակած «Երեւանյան լճի եւ Հրազդան գետի առափնյա տարածքների մաքրման աշխատանքներ» բնապահպանական ծրագիրը 60,4 մլն դրամ գումարի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր գումարը մոտ 113 մլն դրամ է։
Միջոցառումը ներառված է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի «Բնապահպանական ծրագրերի իրականացում համայնքներում» ծրագրի շրջանակում եւ կմեկնարկի 2022-ին։
Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել Երեւանյան լճի եւ Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը՝ դարձնելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ռեկրեացիոն գոտի։ Ծրագիրը նպատակ ունի նաեւ նվազեցնելու աղտոտվածության մակարդակը, կենցաղային թափոնների հետագա մուտքը Հրազդան գետ եւ Երեւանյան լիճ, կանխարգելելու աղտոտվածության տարածումը: