Ադրբեջանը Մեղրիով ճանապարհ չի ուզում: Ո՛չ ճանապարհ, ո՛չ էլ կոմունիկացիա:
Երեկ վարչապետը հոխորտում էր՝ մենք ենք որոշում, թե ինչ ճանապարհ տանք: Դուք որոշում եք, Ադրբեջանը վերցնում է: Դուք քննարկում եք, Ադրբեջանը կռվում է: Որովհետեւ Ադրբեջանը իր համար է ձեւակերպել իր ուզածը, ոչ թե մեզ համար: Ադրբեջանը Սիսիանով է ճանապարհ ուզում եւ Սիսիանով էլ ստանալու է: Գուցե ստացածը միջանցք չլինի: Գուցե հաշտվեն այն մտքի հետ, որ պետք է վճարեն այդ ճանապարհի համար, որ ոչ մի ձեւի սուվերենություն չեն ունենալու այդ ճանապարհի նկատմամբ, բայց Մեղրին նրանց հետաքրքիր չէ: Ինչո՞ւ: Որովհետեւ Սիսիանով ավելի կարճ է Թուրքիայով Նախիջեւանից դեպի Ադրբեջան երթուղին:
Ադրբեջանն այս հարցն առաջ չի քաշում, որ խնդիրը հնարավորինս արագ լուծի, նա ուղղակի ձգձգում է Հայաստանի ջլատման ժամանակը: Մենք 30 տարի նրան ժամանակ տվեցինք ոտքի կանգնելու, ուժեղանալու, նա մեզ ժամանակ չի տալիս անգամ սեփական դիրքորոշում ունենալու համար, որքան էլ այդ դիրքորոշումը միջազգային իրավունքի տեսանկյունից անբեկանելի թվա:
Ինչո՞ւ է Ադրբեջանը կրակում ցանկացած առիթով, ինչո՞ւ է գերիներ վերցնում, սպանում մեր զինվորներին: Ո՞վ է կասկածում, որ ի վերջո հանգուցալուծում լինելու է: Ուղղակի դա լինելու է մի հանգուցալուծում, որն անընդհատ կլինի թուրքական աշխարհի մոնիթորինգի ներքո: Եվ Սիսիանով բացվող այդ ճանապարհը առավել ցանկալի է դարձնում «մոնիթորինգի» երթուղին:
Այո՛, քաղաքական իմաստով Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուրիցս լավ գիտի՝ ինչ է ասում, որովհետեւ նա իր ասելիքի մանրամասներին նույնպես տիրապետում է՝ ի տարբերություն մեզ: Բայց, ի տարբերություն նրա, մենք գիտենք, որ վերջնարդյունքը կանխատեսելի է արդեն այսօր: Հայաստանի հոխորտանքը պետք է, ցանկալի է, Ադրբեջանի ամեն պահանջի առաջ չպետք է գլուխը կախ կանգնել: Այո՛, դրա գինը մեր զինվորներն են, որոնց հայրը կամ մայրը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը չեն:
Ադրբեջանն ի՞նչ է անում՝ գծում է այն երթուղին, որը մենք կամովին չենք ուզում գծել: Ադրբեջանը գերազանց գիտի, որ այդ երթուղին ինքը գծում է մեր տարածքով, այլապես ինչո՞ւ դա պետք է անի կռվով ու դավով: Բայց նա դա անում է համբերատարորեն, ոչ թե որ մեր գլուխը մտնի նրա ուզածը, կամ ի վերջո հաշտվենք մտքի հետ, որ այդ ճանապարհը, միեւնույնն է, տրվելու է, նա դա անում է հենց ցավեցնելով ու դանդաղ, որպեսզի ուշքի գալը բացառվի:
Նա, ըստ էության, վայելում է հակամարտության հենց այսօրինակ դրսեւորումը, որը ռազմական լայն գործողություններ չի պահանջում, բայց Հայաստանի ուշադրությունը շեղում է տնտեսական զարգացումից եւ միջազգային ինտեգրումից: Ու բնավ բացառված չէ, որ Ադրբեջանին ամենեւին ցանկալի չէ ճանապարհի արագ բացումը, որովհետեւ դա հանգուցալուծում է: Իսկ հանգուցալուծում նշանակում է շնչել։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: