2017 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան՝ պարտավորվելով միջոցներ ձեռնարկել սնդիկի եւ սնդիկի միացությունների էկոլոգիապես անվտանգ պահման եւ սնդիկ պարունակող թափոնների էկոլոգիապես անվտանգ հեռացման համար:
Կոնվենցիայի նպատակը մարդու առողջությունը եւ շրջակա միջավայրը սնդիկի ու սնդիկի միացությունների անթրոպոգեն արտանետումներից եւ արտազատումներից պաշտպանելն է:
2019-ից շրջակա միջավայրի նախարարությունը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ու շրջակա միջավայրի ծրագրի աջակցությամբ մեկնարկել էր Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի (լամպեր, ջերմաչափեր եւ այլն) շրջանառությունից փուլային դուրսբերման եւ հետագայում դրանց օգտագործումն արգելելու գործողություններ:
Նոյեմբերի 22-ին «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի եզրափակիչ աշխատաժողովին ներկայացվել են այս ընթացքում իրականացված գործողությունները. ոլորտի կարգավորման իրավական հիմքերի ստեղծում, սնդիկի վնասակար ազդեցության վերաբերյալ տնտեսվարողների եւ հասարակության իրազեկության բարձրացում։
«Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը իրականացված աշխատանքներից կարեւորել է «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը: «Սնդիկի մասին» եւ «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին Կառավարությունը հավանություն է տվել այս տարվա սեպտեմբերի 16-ին:
Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ 2020 թվականից հետո Կոնվենցիան վավերացրած երկրները պետք է արգելեն սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը, ներկրումը կամ արտահանումը: Դրանք են` կուտակիչները, անջատիչները եւ ռելեները, տարբեր տեսակի լյումինեսցենտային լամպերը, կոսմետիկ միջոցները, պեստիցիդները, բիոցիդները եւ տեղային հակասեպտիկները, ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումները` բարոմետրեր, հիգրոմետրեր, մանոմետրեր, ջերմաչափեր, սֆիգմոմանոմետրեր: Նշված բոլոր արտադրատեսակներն ունեն սնդիկ չպարունակող այլընտրանքներ:
«Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումից հետո անհրաժեշտ կլինի համապատասխան լրացում մտցնել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում՝ վարչական պատժամիջոցներ սահմանելով թվարկված արտադրանքի արտադրության, ներմուծման կամ արտահանման սահմանափակումները չպահպանելու համար:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։