ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում սկսել են մաքրել եւ ականազերծել Լեռնային Ղարաբաղի հնագույն հայկական գերեզմանոցի տարածքը պայթյունավտանգ առարկաներից:
«Խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքի հումանիտար ականազերծումը։ Այսօր հին հայկական գերեզմանատան 1,5 հեկտար տարածքն է մաքրվել քաղաքացիական բնակչության անվտանգ այցելություններն ապահովելու համար։ Ականազերծման ընթացքում հայտնաբերվել է 5 պայթյունավտանգ առարկա»,- ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը։
Շուշիի շրջանում սահմանազատման գծի մոտակայքում ռուս խաղաղապահներն ամեն օր չպայթած զինամթերքի, արկերի եւ ականների որոնման աշխատանքներ են իրականացնում: Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են բնակավայրերի եւ գյուղատնտեսական հանդակների ու արոտավայրերի համար նախատեսված հարակից տարածքների մաքրման աշխատանքներ:
2020-ի նոյեմբերի 23-ից ռուս խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանումները պայթյունավտանգ առարկաներից մաքրել են ավելի քան 2300 հա տարածք, 683 կմ ճանապարհ, շուրջ 2 հազար շենք, ընդհանուր առմամբ հայտնաբերվել ու վնասազերծվել է ավելի քան 26 հազար զինամթերք: