Սյունիքի մարզում այսօրվանից՝ նոյեմբերի 24-ից, երկու նոր երթուղի է գործելու` Կապան-Ճակատեն-Կապան եւ Կապան-Մեղրի-Ներքին Հանդ-Ճակատեն-Կապան։
Կապանի համայնքապետարանից հայտնել են, որ նոր երթուղիների սպասարկումն իրականացվելու է ամեն օր։ Կապան-Ճակատեն-Կապան երթուղին գործելու է հետեւյալ ժամանակացույցով. 8։00-ին, 12։00-ին եւ 16։00-ին ավտոմեքենան Ճակատենից կշարժվի դեպի Երկաթուղայինների 5-րդ նրբանցք (թունելի մոտ), իսկ 10։00-ին, 14։00-ին, 18։00-ին՝ Երկաթուղայինների 5-րդ նրբանցքից (թունելի մոտ) դեպի Ճակատեն։
Կապան-Մեղրի-Ներքին Հանդ-Ճակատեն-Կապան երթուղին էլ կսպասարկվի 07։30-ից. սկիզբը` Կապանից (5 համարի կանգառ), այնուհետեւ Ճակատենում կանգառը կլինի վարչական շենքի մոտ, 10։30-ին էլ մեքենան կշարժվի Ճակատենից դեպի Կապան։
Նոյեմբերի 23-ին առցանց ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Ճակատեն-Կապան տրանսպորտային հաղորդակցությունն անվճար է լինելու քաղաքացիների համար։ Նա ընդգծել է, որ Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբը նոր տրանսպորտային միջոցներ է ձեռք բերել Ճակատեն-Կապան տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար։