Apple ընկերությունը դատի է տվել իսրայելական NSO Group ընկերությանը՝ iPhone-ի օգտատերերին հետեւելու համար հատուկ ծրագիր ստեղծելու մեղադրանքով, Apple-ի օգտատերերին հսկողության ենթարկելու ու թիրախավորման համար: Ընկերությունը հայտնել է, որ մտադիր է դատարանի միջոցով արգելել NSO ընկերությանը իր արտադրանքը, սարքերը կամ ծառայությունները որեւէ կերպ օգտագործել։
Այս տարվա ամռանը լրագրողները պարզել էին, որ առնվազն10 երկրների հատուկ ծառայություններ օգտագործել են NSO Group-ի կողմից մշակված Pegasus ծրագիրը՝ քաղաքական գործիչներին, լրագրողներին եւ ակտիվիստներին հետեւելու համար։
NSO Group-ի հաճախորդների թվում, ըստ լրագրողական հետաքննության, Ադրբեջանի, Բահրեյնի, Հունգարիայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Մեքսիկայի, Մարոկկոյի, Ռուանդայի, Սաուդյան Արաբիայի, Տոգոյի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարություններն են: Pegasus ծրագրով լրտեսվել են նաեւ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ ադրբեջանական ծառայության լրագրողները:
NSO Group-ը հայտարարել է, որ իր մշակած ծրագիրը նախատեսված է հանցագործների եւ ահաբեկիչների դեմ պայքարելու համար եւ մատակարարվել է այն երկրներին, որրտեղ հարգում են մարդու իրավունքները։ NSO Group-ը մասնագիտացած է պետական մարմիններին ահաբեկչությունների դեմ պայքարում աջակցող տարատեսակ ծրագրերի ստեղծման մեջ։
Թուրքիայում դադարեցրել է վաճառքը
Аppleinsider.com-ը հայտնել է նաեւ, որ Apple ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր արտադրանքի վաճառքը Թուրքիայում, քանի որ թուրքական ազգային արժույթը շարունակում է արժեզրկվել։
Թուրքական արժույթը երեկ նոր հակառեկորդ է սահմանել՝ մեկ դոլարի դիմաց 11,37 լիրայից հասնելով 13,21-ի։ Վերջին 20 տարվա ընթացքում դա առաջին կտրուկ անկումն է մեկ օրվա ընթացքում։ Արժույթի արժեզրկումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ անցած հինգշաբթի Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշեց հաշվարկային դրույքը 16 տոկոսից նվազեցնել մինչեւ 15 տոկոս, իսկ երկուշաբթի Թուրքիայի նախագահը հեռուստաուղերձում կրկին կողմ արտահայտվեց հաշվարկային տոկոսադրույքի նվազեցմանը:
Apple-ի գործողությունները պատասխանն են տոկոսադրույքների նվազեցման վերաբերյալ Էրդողանի որոշման, որը նա համարում է կենսունակ ռազմավարություն արտահանման, ներդրումների եւ աշխատատեղերի ավելացման համար:
Apple-ի առցանց խանութը շարունակում է հասանելի լինել գնորդների համար, այդուհանդերձ, ընկերությունը Թուրքիայում ոչ մի նոր պատվեր չի ընդունում։
Թուրքիայում Apple-ի արտադրանքի առցանց վաճառքի վերսկսման ժամկետների առումով դեռ հստակություն չկա, սակայն դա կարող է երկար տեւել՝ հաշվի առնելով շարունակվող տնտեսական ճգնաժամը: