Շվեդիայի խորհրդարանը՝ Ռիկսդագը, նոյեմբերի 24-ին ֆինանսների նախարար, 54-ամյա Մագդալենա Անդերսոնին հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում։
Անդերսոնի ընտրությունը հնարավոր է դարձել սոցիալ-դեմոկրատների, ձախերի, կանաչների, ինչպես նաեւ Կենտրոնի կուսակցության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ: Դա հնարավորություն է տվել երկրում հաղթահարելու շաբաթներ առաջ ծագած կառավարական ճգնաժամը։
Կին վարչապետի ընտրությունը Շվեդիայում պատմական իրադարձություն է որակվում։ Կանանց իրավահավասարության տեսանկյունից Շվեդիան աշխարհում առաջատարներից է, բայց սկանդինավյան պետություններից վերջինը, որ կառավարության ղեկը վստահում է կին գործչի։
Թարմացում.
Radio Sweden-ը հայտնել է, որ Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության առաջնորդ Մագդալենա Անդերսոնը, երկրի վարչապետ ընտրվելուց ընդամենը մի քանի ժամ անց հրաժարական է տվել՝ կառավարությունը լքելու մասին Կանաչների որոշումից հետո: