Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Արարատ Միրզոյանն ու Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Իրանցի գործընկերոջ հետ զրույցում Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատման ջանքերին: Նա բարձր է գնահատել ՀՀ տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի բազմոլորտ համագործակցության մի շարք հարցերի՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առեւտրատնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում կապերի ընդլայնման շուրջ։
Կարեւորվել է նաեւ «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ համաձայնագրի ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքների իրականացումը։