«Ամեն մարդ յուրովի է զգում համավարակի հետ ապրելու դժվարությունը, կորուստների հետ բախվել ու բախվում ենք յուրաքանչյուրս։ Բուժաշխատողները, սակայն, այս պայքարի ամենաթեժ կետում են»,- ասում է «Գյումրի» բժշկական կենտրոնի թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։
Արդեն քսան տարի նա սպիտակ խալաթավորների շարքերում է։ Հիշում է՝ երկու տարի առաջ բժշկի կյանքն այլ էր, ճիշտ է, դարձյալ դժվար էր, բայց հիմա մարտահրավերներն են փոխվել։ Համավարակը բժիշկների կյանքը կիսեց՝ մինչ քովիդը եւ քովիդից հետո։
«Բուժաշխատողի աշխատանքն ամենապատասխանատու գործն է, մենք գործ ունենք մարդկային կյանքի հետ, մեր սխալները անթույլատրելի են։ Սակայն անսպասելի մեր կյանք մտած կորոնավիրուսը աշխատանքը կրկնակի ու եռակի բարդացրեց։ Ճիշտ է, չգիտեինք՝ ինչի հետ գործ ունեինք, բայց անձնուրաց աշխատում էինք՝ մեզ վտանգի ենթարկելով։ Մեր բուժկենտրոնում էլ հիվանդացանք բոլորս, անցանք բուժման դժվար ճանապարհով»։
Բժշկուհին արդեն չի հիշում, թե երբ են ինքն ու գործընկերները վերջին անգամ անհոգ տուն մտել ու զբաղվել ընտանեկան հաճելի հոգսերով. «Համավարակը մեզ զրկեց նաեւ ընտանիքի հետ լիարժեք շփվելու հնարավորությունից»։
Հայկական իրականության մեջ հիվանդի հարազատների բուռն արձագանքը երբեմն շեղում է բուն գործից։ Լինում են դեպքեր, երբ հիվանդն ավելի հանգիստ է տանում հիվանդությունը, քան հարազատները։ Ասում է՝ դա էլ ենք հասկանում. եթե բուժաշխատող ես, ամեն ինչի պետք է պատրաստ լինես։
«Ամեն նոր ալիքի հետ ավելի բարդ դեպքեր են գրանցվում, վարակն ավելի ագրեսիվ է դառնում, հիվանդները՝ երիտասարդ։ Ամեն մի կորուստը բժշկի ներաշխարհի վրա անդառնալի հետք է թողնում։ Երբ պայքար ես մղում հիվանդի կյանքի համար, բայց փրկել չի լինում, դա մեզ համար ողբերգություն է։ Իսկ ողբերգական ավարտ ունեցող դեպքերի գերակշռող մասը ուշացած բուժօգնության դիմելու պատճառով է լինում»,- ասում է բժշկուհին։
Մարդիկ հիվանդանոց դիմում են միայն այն ժամանակ, երբ ինքնաբուժության հետևանքով բարդացրել են հիվանդությունը, օգտվել ծանոթ-բարեկամի դեղատոմսից, դեղատան աշխատակցի նշանակած բուժումներից։ Մինչդեռ պետք է գիտակցել, որ այս վարակը յուրաքանչյուր օրգանիզմում տարբեր կերպ է դրսեւորվում, հետեւաբար առաջին իսկ ախտանշանի դեպքում նմուշառվել ու բուժվել է պետք։
Լիլիթ Սարգսյանն իր եւ գործընկերների անունից հորդորում ու խնդրում է, որ հասարակությունը փոխի իր դիրքորոշումը համավարակի նկատմամբ։
«Ճիշտ է, խուճապի մատնվել պետք չէ, բայց առողջապահական համակարգը սպառվում է, բժիշկները հոգնում են։ Խնդրում ենք, պահպանե՛ք հակահամաճարակային կանոնները, պատվաստվե՛ք, կրե՛ք դիմակներ, մարդաշատ հավաքույթներից խուսափե՛ք։ Հետեւե՛ք միայն ճիշտ տեղեկատվությանը։ Մեզ հետ միասին պայքարե՛ք, որ հաղթենք»,- ասում է Լիլիթ Սարգսյանը։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։