Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան գյուղերի բնակիչներին, որոնց տները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, ՀՀ Կառավարությունը կշարունակի աջակցություն տրամադրել։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծով՝ իրենց տունն ու հողամասը կորցրած ու այժմ Հայաստանի այլ տարածքներում ժամանակավորապես բնակություն հաստատած ընտանիքներին տրամադրվող աջակցությունը երկարացվում է եւս 5 ամսով։
Շուռնուխի ու Որոտանի տեղահանված բնակիչներին 2021-ի փետրվար-հուլիսին կառավարության որոշմամբ տրամադրվել է 300000 դրամ (ընտանիքին), ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամին` եւս 68000 դրամ։ Այս աջակցությունը հուլիսին դադարեցվել էր, բայց քանի որ հիշյալ անձինք դեռ հնարավորություն չունեն իրենց գյուղերը վերադառնալու, որոշվել է աջակցության ժամկետը երկարացնել եւս 5 ամսով` օգոստոսից մինչեւ դեկտեմբեր:
Սյունիքի մարզպետարանի տվյալներով աջակցության շահառուների ցուցակում ընդգրկված է 43 անձ։ Նախկինում աջակցություն ստացած մեկ սյունեցի հոկտեմբերին մահացել է։