Վանո Սիրադեղյանի Հայաստան վերադառնալու հնարավորության մասին հարցին Փաշինյանի պատասխանը հաստատեց բոլոր այն շշուկները, որ տարածվում էին։
Դիցուք, որ վերադառնալուց հետո Վանոն պետք է «մի քիչ» նստի։ Այսինքն՝ ձերբակալվի։ Հայաստանից նրան այդպես են փոխանցել։ Պիտի նստի, որովհետեւ որքան էլ սիրում ենք, հիանում ենք, կա քրեական գործ, կան սպանություններ, կան ցուցմունքներ։
Իսկ այսօր արդեն ձերբակալված Աղվան Հովսեփյանն էլ Վանո Սիրադեղյանի գլխին սարքելու համար չի նստել, այլ բոլորովին ուրիշ կոռուպցիոն գործով։ Ուրեմն Վանոն պետք է նստի։
Փաշինյանը սա ուղղակի հաստատում է։ Նա ասում է, որ ինքը երբ ընդհատակից դուրս եկավ, գնաց ուղիղ դատախազություն։ «Ես ինքս իմ մեջ մտածել եմ, որ 2018-ից հետո կարող էր Սիրադեղյանը իրավապահներին հանձնվել: Դա ասում եմ որպես ընդհատակում եղած եւ իրավապահներին հանձնված մարդ, քանի որ 2018-ից հետո դատավարության որոշակի օբյեկտիվ պայմաններ կարող էին լինել»։
Մարդն ինքն իր մեջ մտածել է, իսկ Վանո Սիրադեղյանը չէր կարող, չէ՞, Հայաստան չգալ ինքն իր մեջ մտածող մարդու մտքերը կարդալով։ «Ինքն իր մեջ մտածածը» հասցվել է նրան։ Իսկ Վանո Սիրադեղյանը հո գիտե՞ր, որ Ռոբերտ Քոչարյանն ու Աղվան Հովսեփյանը ձեռք ձեռքի տված են ուզել ոչնչացնել իրեն։ Այո՛, նա գիտեր, որ ով էլ լինես, արդարադատության այդ գործընթացը պետք է անցնես։ Բայց նա չի ուզել դատախազության դռներով ոտք դնել հայոց հող, դատախազությունը պետք է լիներ պարզապես դուռ, որտեղով մտնում ու դուրս են գալիս։
Վանո Սիրադեղյանը կասկածներ է ունեցել, որ Փաշինյանն իրեն կնվաստացնի։ Ինքը հո Փաշինյանի նման բանտում հացադուլներ չի՞ հայտարարելու, «Երկրի հակառակ կողմի» նման վեպ չի՞ գրելու։ Ի՞նչ է նշանակում՝ երբ ընդհատակից դուրս եկա, հանձնվեցի իրավապահներին։ Սա նշանակում է՝ Վանո՛, ինձնից ինչո՞վ ես լավը։
Փաշինյանը խոսում է իրավիճակի փոփոխության մասին, որի հետ ՆԳ նախկին նախարարը պետք է հաշվի նստեր։ «Միշտ համարել եմ, որ 2018-ից հետո կարող էր այդպիսի քայլ լինել (հանձնվել իրավապահներին-Մ․Ա․), որովհետեւ որոշակի օբյեկտիվ դատավարության պայմաններ կարող էին լինել»,- նոյեմբերի 23-ի առցանց ասուլիսի ժամանակ ասում է ՀՀ վարչապետը։
Այսինքն՝ ես նստել եմ, դու էլ պիտի նստես։ Թեկուզ մի քանի օր։ Թեկուզ մի քանի ժամ։ Իսկ վերջին 20 տարում Հայաստանի երիտասարդությունը չգիտի այդ Վանո Սիրադեղյանին, որն արդեն նստել է։ Փաշինյանը ուզում էր հիշեցնել, թե «թռածն» ով էր։
Ահա ինչու Վանո Սիրադեղյանն այդպես էլ չվերադարձավ Հայաստան։ Եվ ահա ինչու Փաշինյանը շարունակում է նույնիսկ հանգուցյալին ցույց տալ իր տեղն այս երկրում։ Կոթիում գրողը չի հուղարկավորվելու։ Կոթիում կհուղարկավորվի «թռածը»։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: