Ըստ ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալության, Ուզբեկստանն ու Կուբան՝ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) դիտորդի կարգավիճակ են ստացել:
Կազմակերպության բարձրագույն խորհրդի հերթական նիստի ժամանակ նման առաջարկով է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ասելով, որ եթե այդ երկրները դեմ չեն, կարելի է հենց առցանց նիստի ընթացքում կարգավիճակի մասին որոշումն ընդունել:
Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիեւը նշել է, որ Տաշքենդը կարեւորում է ԵԱՏՄ հետ սերտ եւ բազմապլան համագործակցությունը, անդամ-երկրների ներուժի օգտագործումը, առեւտրային հարաբերություններում ծագած խորչընդոտների ու արգելքների համատեղ հաղթահարումը, նոր շուկաների փոխադարձ ձեւավորումը։
2015 թվականից գործող Եվրասիական տնտեսական միությունն՝ իբրեւ միջազգային ինտեգրացիոն տնտեսական կառույց միավորում է հինգ երկիր՝ Ռուսաստան, Բելառուս Ղազախստան, Հայաստան եւ Ղրղզստան): Դիտորդ երկրներից է Մոլդովան: Այս տարի նախագահողը Բելառուսն է: