Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտնել է, որ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած եւս 28 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։
Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը դարձել է 4610, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 109 միլիոն ԱՄՆ դոլար։ Նրանցից 416-ը հիմնադրամի շահառու է դարձել նախքան 2020-ի պատերազմը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին եւ 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն եւ հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաեւ կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաեւ Սփյուռքից։ Մինչ օրս ԶԱՀ-ը հավաքել է 130 միլիոն ԱՄՆ դոլար, որից 107 միլիոնը պարտադիր վճարներ են, 23 միլիոնը՝ նվիրաբերություններ աշխարհի ավելի քան 70 երկրներից։