Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքը նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի մի շարք բնակավայրերի նման դարձել է սահմանամերձ:
Համայնքի կազմում ընդգրկված բոլոր յոթ գյուղերն էլ շատ մոտ են հայ-ադրբեջանական՝ դեռ նախանշված, սահմանին: Տեղ համայնքի Տեղ բնակավայրի N2 դպրոցի տնօրեն Գյուլնարա Ջհանգիրյանն «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ դպրոցում փորձում են սահմանամերձ դառնալու հետեւանքով ծագած խնդիրներն ու օրվա քաղաքական տրամադրություններն առօրյա չդարձնել, ուսումնական պրոցեսը չխաթարել:
«Առանց այդ էլ շատ տուժեցին աշակերտները, տուժեց նրանց կրթությունը՝ համաճարակի եւ այլ պատճառներով: Մեր երեխաները ձանձրացել էին տնից հեռավար դասեր անելուց եւ այսօր ուրախությամբ գալիս են դպրոց: Այս խառը օրերի մասին չենք խոսում դասերի ժամանակ, գուցե պատմության ժամերին ինչ-որ բաներ ասվեն, բայց քանի որ տեղեկություններն իրարամերժ են, շատ բաներ ճիշտ չգիտենք, ավելի լավ է չխոսվի դպրոցում»,-ասում է տնօրենը:
Ըստ Գյուլնարա Ջհանգիրյանի՝ սահմանամերձ գյուղերին վերագրվող տրամադրությունները մի քիչ չափազանցված են։ «Մեզ մոտ խուճապ չկա, վախ չկա, անորոշություն չկա: Մեր դպրոցից ոչ մի գնացող չի եղել, մինչդեռ ոչ սահմանամերձ գյուղեր կան, որտեղից, լսում ենք, աշակերտների հոսք կա»։
Տեղ գյուղի N2 միջնակարգ դպրոցի 156 աշակերտներին այս օրերին միացել են Քաշաթաղի շրջանից տեղահանված տասներկուսը։ Հիմնականում Քաշաթաղ հարս գնացած գյուղի աղջիկների երեխաներն են, որոնք ծնողների հետ վերադարձել են:
«Կամավորականները կանգնած են, գյուղի բնակիչները հերթով հսկում են սահմանը, մենք կարծես թե մտածելու բան չունենք, պետք է զբաղվենք կրթության, դպրոցական հարցերով». այս կարծիքին է Գյուլնարա Ջհանգիրյանը:
Նա տեղեկացնում է նաեւ, որ պատերազմի օրերին, երբ համաճարակի պատճառով դասերը հեռավար էին, դպրոցի շենքը՝ որպես կացարան, տրամադրվել էր հադրութցի ընտանիքներին, ուսուցիչներն էլ շուրջօրյա հերթապահում էին։
«Այնպես չէ, որ անմասն ենք մնացել, դպրոցի երրորդ հարկն էլ երկար ժամանակ սահմանապահների կենտրոն էր, այսօր արդեն ուրիշ վայր կտեղափոխվեն: Մենք տեսել ենք պատերազմի դեմքը՝ ե՛ւ առաջին եւ այս պատերազմի ժամանակ:
Գյուղը զոհեր է ունեցել: Անհետ կորածների մեջ դպրոցի նախկին աշակերտ կա: Մոտակա Թորոսի բլուրը, որի վրա արդեն դիրքավորվել են ադրբեջանցիները, Տեղի բնակիչների համար նվիրական վայր է։ Դպրոցը ժամանակին այնտեղ բազմաթիվ միջոցառումներ է արել։
«Ամեն ինչը ցավ է: Բայց կա այն, ինչ արդեն կա, ոչինչ չենք կարող անել, լավատես լինենք,-ասում է դպրոցի երկարամյա տնօրենը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։