ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները եւ բարերարները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի մոտ 900 բնակիչների եւ վերաբնակների։
Գյուղացիներին տրամադրվել է շուրջ 1 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական բեռ՝ կոշիկներ, հագուստ եւ տնտեսական պարագաներ, ինչպես նաեւ 1-5-րդ դասարանների աշակերտներին`դպրոցական հավաքածուներ:
Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին նշել է, որ Ասկերանի շրջանի Խնածախ բնակավայրում իրականացվել է մարդասիրական ակցիա, որի ընթացքում երկու բազմազավակ ընտանիքների տրամադրվել են մթերային եւ կենցաղային հավաքածուներ, գազի վառարաններ: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի տրամադրվել է մեկական ծածկոց, հագուստ եւ կոշիկ։
Մարդասիրական բեռները Ռուսաստանից տեղափոխվել են ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով, իսկ Հայաստանի Էրեբունի ռազմական օդանավակայանից Արցախի տարածք են հասել ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոմոբիլային տրանսպորտով: