Նախօրեին գումարված Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստը տեւել է 3 ժամ եւ ավարտվել հայտարարության ընդունմամբ։ Տարածված գրավոր հայտարարության մեջ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կա նաեւ Հայաստանին եւ Հունաստանին։
Ըստ հայտարարության՝ իրեն մեկնված «խաղաղության ձեռքը» Հայաստանը պետք է գնահատի իբրեւ հրադադարը լիովին պահպանելու եւ համագործակցության մեջ ներգրավվելու հնարավորություն։ Հարեւանների միջեւ վեճերի խաղաղ կարգավորման գործընթացում Անկարան կողմ է միջազգային իրավունքի նորմերի եւ երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմանը։
Իսկ Հունաստանի վերաբերյալ Թուրքիայի ԱԱԽ հայտարարությունում նշվել է, որ պաշտոնական Աթենքն ագրեսիվ խոսք եւ վարք է դրսեւորում, չի կատարում բարիդրացիական հարաբերությունների պահանջները եւ խախտում է միջազգային համաձայնագրերից բխող պարտավորությունները։
Այդ ամենը Անկարան դիտարկում է որպես տարածաշրջանային կայունության եւ խաղաղության վրա բացասաբար ազդող գործոններ։