Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզի Բելովո շրջանի «Լիստվյաժնայա» ածխահանքում նոյեմբերի 25-ի առավոտյան փլուզման պատճառով բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 52 մարդ՝ 47 հանքափոր եւ 5 փրկարար։ Եվս երեքն անհայտ կորած են:
Հանքում 285 մարդ է եղել։ Մեծ մասին հաջողվել է դուրս բերել, մնացածներին օգնության են հասել փրկարարները, սակայն որոշ ժամանակ անց փրկարարներին հետ են կանչել պայթյունի սպառնալիքի պատճառով:
Վերջին տվյալներով՝ փրկարարներից մեկը հանքում մի ամբողջ գիշեր անցկացնելուց հետո կարողացել է այնտեղից դուրս գալ սեփական ուժերով։ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը հայտնել է, որ ողջ մնացածը կորած փրկարարներից մեկն է՝ դասակի հրամանատարի օգնական 51-ամյա Ալեքսանդր Զակովրյաշինը։
Ներկայում հանքահորում աշխատում է փրկարարների՝ 17 հոգուց բաղկացած երեք բրիգադ:
ՌԴ ԱԻՆ-ը հայտնել է, որ ծխացումը տեղի է ունեցել 250 մ խորության վրա․ պատահարի պատճառը ածխային փոշու բռնկումն է: Ծուխը օդափոխության համակարգի միջով տարածվել է ամբողջ ածխահանքում: Որպես արտակարգ պատահարի պատճառ նշվում է նաեւ մեթանի պայթյունը։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է 5 մարդ. հանքի տնօրենը, փոխտնօրենը, արտադրամասի պետը եւ «Ռոստեխնադզոր»-ի երկու աշխատակիցներ, որոնք մինչ այդ ստուգումներ են իրականացրել եւ արտոնել հանքի շահագործումը: