Մատենադարանի հավաքածուի ավելի քան 20550 ձեռագրերից շուրջ 2730-ը արաբատառ են: Դրանցից 450-ը պարսկերեն ձեռագրեր են, որոնցից 150-ը՝ Ղաջարական ժամանակաշրջանի:
Ղաջարական ժամանակաշրջան
Ղաջարական ժամանակաշրջանը տեւել է 1795-ից մինչեւ 1925 թվականները, այսինքն՝ Սեֆյաններից մինչեւ Փահլավիների հարստություն:
Իշխանության վերաբերյալ պատմաբանների գնահատականը միշտ չէ, որ միանշանակ է. այն բնութագրվել է մի կողմից ծաղկման ժամանակաշրջան, մյուս կողմից՝ անկումային: Այլ կերպ ասած՝ Ղաջարական շրջանում ավանդապահ Իրանը մոդեռնիզացվում էր: Ձեւավորվում ու կազմավորվում էր «եվրոպականացող» Իրանը»:
Ղաջարական դարաշրջանի մասին պատկերացում կազմելու համար բավական է այցելել Մատենադարան, դիտել նորաբաց «Ղաջարական հարստություն» ցուցադրությունը, որին «Ալիք Մեդիան» անդրադարձել էր դեռեւս դրա նախապատրաստական փուլում:
«Ղաջարական հարստություն». 4 մասից բաղկացած ցուցադրություն
Ղաջարական ժամանակաշրջանում իշխանությունները մեծ ուշադրություն էին ցուցաբերում հայերի հանդեպ: Հայերի վիճակը մասամբ բարելավվում է, երկիրը տնտեսական լճացումից դուրս բերելու նպատակով հրապարակվում են մի շարք հրամանագրեր, որոնք վերացնում էին հայերի նկատմամբ սահմանափակումները, արգելվում էր բռնի հավատափոխությունը, եւ վերաօրինականացվում էին հայկական եկեղեցիների կալվածքները:
Մատենադարանում նման բովանդակությամբ մեծաթիվ վավերագրեր են պահվում, մի քանիսը «Ղաջարական հարստություն» ցուցադրության մաս են կազմում:
Ձեռագրական արվեստ
«Ձեռագիր հիշատակարաններ ունենալը յուրաքանչյուր թագավորի համար պատվաբեր էր»,- ասում է ցուցադրության համադրող Իվեթ Թաջարյանը՝ առանձնացնելով Ֆաթալի շահի ժամանակաշրջանին պատկանող «Շահնամե» ձեռագիրը:
Ցուցադրվող ձեռագրերում նկատելի է, որ նկարիչները հրապուրված են եվրոպական արվեստով: Մատենադարանի արաբատառ ձեռագրերի ֆոնդը ստեղծվել է Էջմիածնի Կաթողիկոսարանի եւ Մոսկվայի Լազարյան ինստիտուտի Արեւելյան լեզուների գրադարանի հավաքածուների հիման վրա: «Մենք գիտենք՝ Լազարյան ինստիտուտում որքան քմահաճ են ձեռքբերման, պահպանման առումով: Կան ձեռագրեր՝ խեժապատ կազմերով, որոնք վերականգնված եկել, մեզ են հասել»,- ասում է Թաջարյանը: Ֆոնդը շարունակաբար ընդլայնվում է նաեւ մասնավոր հավաքածուների սեփականատերերի նվիրատվությունների հաշվին:
«Յուրաքանչյուր ժամանակաշրջան հայտնի է իր ձեռագրական դպրոցով: Մի դպրոցի հիմքում կարծես ձեւավորվում էր մեկ այլ դպրոց, բայց ավելի շատ ընդօրինակվում էին, կրկնվում էին ավանդույթները: Ձեռագրական արվեստի ծաղկումը պայմանավորված էր թագավորների անձնական վերաբերմունքով, արվեստասեր լինելով: Նույն Նասեր էդ Դին շահը, ի տարբերություն այլ թագավորների, ավելի շատ էր հովանավորում ձեռագրական արվեստը»,- պատմում է համադրողը:
Ցուցադրության մաս են կազմում դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ. 19-րդ դարի պողպատե թռչունների, մրգերի արձանիկներ, ոսկե եւ արծաթե մետաղաթելերով գործվածքներ, պետական բարձր պաշտոնյաների զգեստներ:
Իվեթ Թաջարյանը ցուցադրության է հանել նաեւ անձնական հավաքածուն, որ ուսանողական տարիներին Իրանի տարբեր քաղաքներից է ձեռք բերել:
Ղաջարական Իրանը Սեւրուգինի լուսանկարներում
Իրանում ապրող լուսանկարիչ Սեւրուգինի հաջողությունները գրավում են արիստոկրատիայի ուշադրությունը, հրավիրում են Նասեր էդ Դին շահի պալատ, որտեղ նա դառնում է պալատի բարձրաստիճան լուսանկարիչը, արժանանում «խան» տիտղոսի։
Սեւրուգինի լուսանկարներից պահվում են Եվրոպայի էթնոգրաֆիկ մի շարք թանգարաններում: Նրա լուսանկարներում Ղաջարական Իրանը տարբեր է եւ առաջադիմական, ցույց է տալիս ղաջար թագավորների պալատական կյանքի շքեղությունը: Քոչվորների, մուրացիկների, դերվիշների ֆոտոշարքը արձանագրում է կյանքի այլ կողմեր: Ցուցադրված լուսանկարները 2017 թվականին լուսանկարչի թոռը՝ Էմանուել Սեւրուգյանն է նվիրաբերել ձեռագրատանը:
Ընթերցողի սեղանին դրվեց «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» գիրքը
2022 թվականին հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ Իրանի մշակութային օրերի շրջանակում նույն օրը տեղի ունեցավ նաեւ Մատենադարանի գիտաշխատող Քրիստինե Կոստիկյանի «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» գրքի շնորհանդեսը։
Գիրքն, ըստ էության, մատենաշարի հերթական հատորն է: 1956 թվականից սկսած՝ գործը նախաձեռնել է մեծ հայագետ Հակոբ Փափազյանը, յոթ հատորից երեքը նրա աշխատությամբ է լույս տեսել, երկուսն՝ աշակերտի՝ Մատենադարանի գիտաշխատող Քրիստինե Կոստիկյանի: Մատենադարանի պարսկերեն վավերագրերի հավաքածուն աշխարհում խոշորագույններից է եւ բաղկացած է 14-15-րդ դարերի շուրջ երեք հազար միավորից։
Հինգերորդ պրակում պատճեններով, բնագրերով, հայերեն եւ անգլերեն թարգմանությամբ ներկայացված են Ղաջարական իշխանությունների կողմից 1798-1829 թվականներին հրապարակված 96 հրովարտակները: Դրանք պահվում են Մատենադարանի արխիվային հավաքածուի Կաթողիկոսական դիվանում ու Մելիք-Շահնազարյանների ֆոնդում: Ժողովածուի առաջաբանում քննվում է ընդգրկված վավերագրերի պատմագիտական արժեքը, հայագիտության ու հայ-պարսկական հարաբերությունների ուսումնասիրման վրա ունեցած ազդեցությունը: Գիրքը հասցեագրված է արեւելագետներին, հայագետներին, 18-19-րդ դարերի պատմության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներին եւ ուսանողներին:
«Պարսկերեն վավերագրերի ֆոնդն, իհարկե, այսքանով չի սպառվում, կան շարիաթական-նոտարական բազմաթիվ վավերագրեր ու նամակներ, տեղական իշխանությունների հրամանագրեր, որոնք կարելի է ուսումնասիրել այս շարքի հետագա պրակներում»,- ասաց Քրիստինե Կոստիկյանը։
Պարսկերեն վավերագրերի այս մեծ քանակը պայմանավորված է դարեր շարունակ իրանական տիրապետության տակ ապրող հայության ու հայոց եկեղեցու կյանքի տարբեր ոլորտներում պարսկերենի՝ որպես պաշտոնական գրագրության լեզվի կիրառությամբ:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանն ասում է. «Դեռեւս չուսումնասիրված վավերագրերը նույնպես հայ-իրանական համակեցության կարեւոր աղբյուրներ են»: Երկու երկրների դարավոր բարեկամության ու պատմական իրողությունների մասին պարբերաբար խոսելն առավել քան կարեւոր է համարում նաեւ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։