ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ նոյեմբերի 16-ին ՀՀ զինված ուժերի մարտական դիրքի կորստի եւ զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել եւ կալանավորվել նաեւ մեկ շարքային զինծառայող։
«Զինծառայողը դեպքի պահին նշանակված է եղել իրականացնելու հենակետի դիտորդի պարտականությունները, որի անգործության, պարտականությունները (այդ թվում նաեւ զենք գործադրելով պաշտպանել մարտական դիրքը) չկատարելու հետեւանքով թշնամական ուժերն անարգել մոտեցել եւ մտել են ՀՀ ԶՈՒ մարտական հենակետ։ Նշված զինծառայողը եղել է դիրքից փախուստ կատարած 7 զինծառայողների թվում»,- նշված է հաղորդագրությունում:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն էր ներկայացվել նաեւ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը երեկ ուշ երեկոյան եւս բավարարվել է։
Նույն քրեական գործով երեկ կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը, որը եւս 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի, ինչի հետեւանքով հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է, ՀՀ ԶՈՒ զինծառայողներից 2-ի դիերը նոյեմբերի 17-ին եւ 19-ին փոխանցվել են հայկական կողմին, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ: